ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը։
Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղելյանը։
Հիշեցնենք՝ Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել պատգամավորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։
Ըստ ՏԱՍՍ-ի, ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
Նամակի վերաբերյալ խոսակցություններին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անրադարձել էր նաև ինքը՝ Սիմոնյանը, նշելով՝ «Հայ ժողովրդի և ռուսաց ժողովրդի բարեկամության մասին է խոսում ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հետ կապված անգամ մեկ նախադասությամբ որևիցե անդրադարձ չանելով: Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, չէ, խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն պետք է գործի որպես անկախ պետություն, իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն անկախ պետություն է, իրենց ընկալման մեջ մենք ծայրագավառ ենք, ինչն է իրենց նեռվայնացրե՞լ»: