Skip to main content

ԹՐԻՓՓ-ի ապագան՝ ԱՄՆ-ում իշխանափոխության հնարավոր համատեքստում․ Հայկ Մարտիրոսյանի դիտարկումները

Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվեց Կոնգրեսի միջանկյալ ընտրություն։

Արդյունքները կորոշեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի կազմը։ Ընտրությունն անցկացվել է Կոնգրեսի ստորին պալատի բոլոր 435 տեղերի, ինչպես նաև Սենատի 100 տեղերից 35-ի համար։

Ընտրությունների արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել՝ վերահսկողություն ստանալով Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում։

Aysor.am-ը զրուցել է ԱՄՆ-ում բնակվող քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ։

-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչո՞վ եք պայմանավորում Դեմոկրատական կուսակցության արձանագրած արդյունքները։ Որո՞նք էին ընտրողների համար որոշիչ գործոնները։

Մի քանի գործոն կար.

Ա. Հանրապետական վարչակազմի՝ տնտեսական խոստումները չկատարելը։ Ինֆլյացիան չկասեցվեց։ Ընդհակառակը` նոր գնաճ տեղի ունեցավ։ Ամերիկան ապրում է ավտովառելիքով։ Ավտովառելիքի գները հսկայական ցատկ են արձանագրել այս նախագահի օրոք։ Կրկնապատկվել են նաև մյուս գները։ Անտանելի թանկացել է առողջապահությունը, իսկ հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում տասնյակ միլիոնավոր անապահովներ ընդհանրապես փաստացի զրկվելու են անգամ պետական անվճար ապահովագրությունից։

Բ. Իմիգրացիոն քաղաքականության կիրառվող մոդելը։ Թրամփն ընտրվել է իմիգրացիոն օրակարգով և բազում ընտրողներ նրան էին քվեարկել` հենց խիստ իմիգրացիոն օրակարգ հետապնդելու և դեպորտացիաներ կատարելու համար։ Բայց որևէ մեկը չէր սպասում, որ իմիգրացիոն ներդրված մոտեցումները կքանդեն ամբողջ համայնքները, տնտեսությունը կտուժի բանվորական և էժան աշխատուժի ոչնչացումից և որ շուրջ մեկ տասնյակ ամերիկացիներ կզոհվեն այդ գործընթացում, ընդ որում` երկուսը տեսախցիկների առջև` լայվ ռեժիմում։ Սա նաև հետդարձ է հասարակության կողմից։

Գ. Ամենախոշոր պատճառն Իրանի պատերազմն է։ Թրամփն իշխանության եկավ հակապատերազմական օրակարգով։ Եվ բազում հանրապետականներ հենց դրա համար քվեարկեցին նրա օգտին։ Թրամփը հատկապես դեմ էր արտահայտվում Իրանի հետ հակամարտության գաղափարին։ Փոխարենը վարչակազմը հսկայածավալ պատերազմ սկսեց Իրանի դեմ, որն ամերիկյան կյանքեր խլեց և ահռելի ֆինանսական միջոցներ է խժռում։ Պատերազմում նաև ԱՄՆ-ն չի կարողանում արձանագրել վերջնական և արմատական հաջողություն. ռեժիմը տեղում է, Իրանը դիմադրում է։ Փոխարենը ոչնչացված են տարածաշրջանում ամերիկյան գրեթե բոլոր բազաների ինֆրակառույցները։ Փոխվել է նաև ամերիկյան դաշնակիցների վերաբերմունքն ԱՄՆ հանդեպ։ Եվ այս ամենն ամենալուրջ գործոններից մեկն է։

Դ. Եվ վերջին կարևոր ու քչերի կողմից նկատվող պատճառը, որ հատկապես անհասկանալի է հայաստանցի հայերի համար, որովհետև հայաստանցի հայերը հրճվում են այդ հանգամանքով` դա Արհեստական բանականության դատակենտրոնների զանգվածային կառուցումն է։ Ամերիկյան բնակչությունը կտրականապես և գրեթե ամենուր դեմ է դատակենտրոնների կառուցմանը, որոնք հսկայական խնդիրներ են հարուցում շրջակա միջավայրի ու ազգաբնակչության կյանքի համար և դիտարկվում են որպես տեխնիկական օլիգարխիայի` «թեքթայքունների» էլ ավելի հարստացման միջոց` ի հաշիվ պարզ բնակչության կյանքի։ Ամերիկացիների մի ստվար զանգված գտնում է, որ իշխանությունը ստեղծել է մի մթնոլորտ, որտեղ դատակենտրոնները կարող են ծլել, ծաղկել և տարածվել` առանց որևէ զսպաշապիկի և արգելակման մեխանիզմների։ Համեմատության համար ասեմ, որ հայերի համար ազգային հպարտություն է ամերիկա-հայկական մի անհասկանալի կորպորացիայի` Հրազդանի մոտ կառուցած դատակենտրոնը, որը, ինչպես հայերն են հավատում, ո՛չ ջուր է օգտագործելու, ո՛չ էլ որևէ խնդիր է առաջացնելու։

-Արդյո՞ք այս արդյունքները կարելի է համարել Դոնալդ Թրամփի քաղաքականության նկատմամբ անվստահության դրսևորում։

Եթե երկրում իշխում է մի կուսակցություն և հակառակորդ կուսակցությունն աննախադեպ և 1974 թվականից ի վեր չտեսնված հաջողություն է արձանագրում ողջ երկրով մեկ, ուրեմն հաստատ չկա զանգվածային հիացմունք` իշխանության քաղաքականության նկատմամբ։

-Որքանո՞վ են ընտրությունների արդյունքներն արտացոլում ամերիկյան հասարակության տրամադրությունները Թրամփի կառավարման առաջին շրջանում։

Թրամփի կառավարման շրջանը բոլորովին այլ պատմական փուլ էր և բոլորովին այլ կառավարում։ Նախագահը կաշկանդված էր իսթեբլիշմենթի կանոններով, հին և հեղինակավոր կադրերով, որոնք նրա վարչակազմի կորիզն էին։ Այս կառավարման շրջանն այլևս բոլորովին այլ է։ Բոլոր անկյունաքարային դեմքերը դիրքեր են ստացել միայն ու միայն նախագահի շնորհիվ, չունեն համապետական ծանրակշիռ հեղինակություն և աչքի են ընկնում նախագահի անձին բացառիկ նվիրվածությամբ և նրան «ոչ» ասելու անկարողությամբ։ Դա բոլորովին այլ իրականություն է ստեղծել։

-Ի՞նչ ազդեցություն կունենա Կոնգրեսում ուժերի հարաբերակցության փոփոխությունը Թրամփի վարչակազմի գործունեության վրա։ Կարո՞ղ են դեմոկրատները լուրջ խոչընդոտներ ստեղծել նրա օրակարգի իրականացման համար։

Օրակարգի իրականացման համար հիմնական խոչընդոտները երկուսն են լինելու.

Ա. Նախագահի մերձավոր շրջապատի և փոխկապակցված կառույցների հանդեպ կոնգրեսական /ոչ իրավապահ մարմինների/ կողմից հետաքննությունների սկսումը և ֆինանսական հատկացումների սահմանափակումները։ Այլ լծակներ այս փուլում դեմոկրատները չեն կարող ունենալ։ Մնացած առումներով նախագահն առավել կտրուկ և առավել վճռական է դառնալու իր գործողություններում։ Նախագահն ակնհայտորեն համարում է, որ հիմա ինքը պետք է ցույց տա, որ իր իշխանությունը չի սասանվել և որ ինքը կարող է և անում է բաներ, որոնք կոնֆրոնտացիոն են, դեմոկրատներին չհարգելու ցուցիչ են և նրանց իշխանությունն անտեսելու նշան են։ Նույնատիպ մոտեցումներ են լինելու և արտաքին քաղաքականության ոլորտում։ Եվ պատահական չէ, որ աշխատակազմի ղեկավար Սյուզի Վայլսին փոխարինելու եկավ վարչակազմի ամենաանկյունաքարային և ամենակոշտ դեմքերից մեկը` Սթիվեն Միլլերը։ Կան խոսակցություններ, որ փոխարինվելու են նաև Մարկո Ռուբիոն և Պատերազմի Նախարար Փիթ Հեգսեթը։ Վերջինս, հավանաբար, որովհետև նախագահն ու փոխնախագահը հայտարարել են՝ համարում են, որ հանրապետականների պարտությունն Իրանի դեմ վարվող պատերազմի արդյունք էր։

-Արդյո՞ք այս ընտրությունները կարող են փոխել Հանրապետական կուսակցության ներսում ուժերի հարաբերակցությունը և Թրամփի դիրքերը կուսակցությունում։

Միանշանակ։ Թրամփի իշխանության ավարտին երկու տարի է մնացել։ Այս կապույտ ալիք-ցունամին ցույց տվեց, որ կա հանրային բողոքի լրջագույն և անուրանալի ալիք։ Հանրապետական քաղաքական գործիչներն այլևս ստիպված են նայել ապագային` առանց Թրամփի։ Եվ, ըստ իրենց հաշվարկների, շահելու են նրանք, որոնք անգամ հակասության մեջ կմտնեն նախագահի հետ և կհեռացնեն իրենց նրանից, որպեսզի ազատվեն այն ստվերից, որ ներկայիս նախագահը, ըստ իրենց, այլևս նետում է իրենց վրա։ Հանրապետական կուսակցությունն անկասկած վերափոխման մասին արդեն իսկ սկսել է մտածել։ Ներկայիս մոտեցման մոդելը փլուզված է։ Առանց նորի՝ կուսակցությունն առաջ գնալ չի կարող։ Մյուս կողմից՝ Թրամփը կուսակցական և գաղափարական արմատական հեղափոխություն է կատարել։ Մեդիայում, հանրապետական քաղաքական մտքում և երկրի ամենակարևոր կառույցում` Գերագույն դատարանում անվերապահորեն այլևս իշխում են թրամփիզմի գաղափարախոսական մոտեցումները։ Եվ դասական հանրապետականության ու նեոհանրապետականության` թրամփիզմի սիմբիոզն է, որ շանս կունենա մրցունակ դառնալու դեմոկրատական վերափոխվող օրակարգին, որ արդեն իսկ գտնվում է գաղափարական վերարժևորման և ռիսեթի գծում։

6. Ի՞նչ փոփոխություններ կարող են լինել ԱՄՆ արտաքին քաղաքականությունում, մասնավորապես՝ ԹՐԻՓՓ-Ի մասով, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հարցում։

ԹՐԻՓՓ-ը զանգեզուրյան միջանցքն է։ Ամեն բան կախված է նրանից, թե հաջորդ՝ ամենայն հավանականությամբ դեմոկրատ նախագահը կընդդիմանա՞ արդյոք հայերի մեծ մասնակցությամբ հայերի իսկ հաշվին թուրքական աշխարհի միավորմանը, թե՞ միևնույն կլինի իր համար։ Դա ոչ ոք չի կարող իմանալ։ Մյուս կողմից՝ հայտնի չէ թե Իրանի հետ պատերազմն ինչով կավարտվի, իսկ որ Իրանն այլևս դժգոհ է ԹՐԻՓՓ-ից` այլևս անթաքույց է։ Եվ դրանից է նաև կախված, թե ինչ կլինի Իրան-ԱՄՆ առաջիկա պայմանավորվածությունների արդյունքում։ Այստեղ գործոն է նաև Իսրայելը։ Իսրայելում դեռ չկա նոր կառավարություն և հայտնի չէ, թե նոր կառավարությունն ու նրա հավանաբար նոր ղեկավարը ինչպես կնայեն իրենց թշնամի Թուրքիայի միավորմանը` իրենց դաշնակից Ադրբեջանի հետ։ Հայերից այս հարցում այլևս ոչինչ կախված չէ։ Նրանք կարող էին մի բան անել` չստեղծել թուրքական կամուրջ և, հետևաբար, Մեծ Թուրան։ Բայց հայերը դա արեցին և արեցին հպարտորեն, մեծ ջանասիրությամբ ու կրքոտությամբ և, հետևաբար, փաստացիորեն արդեն իսկ կորցրել են իրենց հայրենիքի մնացած կարևորագույն հատվածը` Սյունիքը, որն իր հերթին նշանակում է, որ արդեն իսկ կորցրել են իրենց մայրաքաղաքը` Երևանը։ Բայց քանի դեռ դա չեն գիտակցում, իրենց ճակատագիրը որոշելու են այլևս ուրիշները։

Մի բան հաստատ է, անվիճելի․ «ԹՐԻՓՓ» անվանումը հաստատ փոխվելու է։ Դեմոկրատ նախագահը, որն իշխանության է գալու հակաթրամփյան և Թրամփի քաղաքական ժառանգությունը կազմաքանդելու օրակարգով նաև, չի կարող հանդուրժել, որ ԱՄՆ-ն այդ ծրագրին մասնակցի Թրամփի դաշնակից անձանց դեմքով և որ Թուրանի միջանցքը կոչվի Թրամփի անունով։

Բայց այդ, անվանափոխության հարցում էլ հայերը զրոյական դերակատարում են ունենալու։ Դա էլ կորոշեն նախ ադրբեջանցիները, հետո թուրքերն ու ամերիկացիները։

Եզրափակելով` ասեմ, որ այս ամենը չի նշանակում, որ նախագահ Թրամփին պետք է սկսել նայել որպես այլևս անկարող նախագահի։ Նախագահի իշխանությունը կարող է և «կաղ բադի» կարգավիճակ ունենալ այլևս, բայց բազում հարցերում այն բանդակեր արծվի, ընդ որում` այլևս շատ ավելի ագրեսիվ ու շատ ավելի կտրուկ և վճռական արծվի քաղաքականություն է վարելու։ Եվ դա նույնպես տրամաբանական է։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30