Skip to main content

Նոր ճանապարհներ, նոր ենթակառուցվածքներ ու համայնքային ծրագրեր․ ի՞նչ է փոխվել Վարդենիս համայնքում

Վարդենիս համայնքում վերջին տարիներին իրականացվել են ճանապարհաշինական, ջրամատակարարման, ոռոգման, լուսավորության, կրթական, սոցիալական և բնակավայրերի բարեկարգման ծրագրեր։ Աշխատանքներն ընդգրկում են ինչպես Վարդենիս քաղաքը, այնպես էլ համայնքի բնակավայրերը։

TV News-ի զրուցակիցն է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, 2021 թվականից ղեկավարում եք Վարդենիս համայնքը։ Այս տարիներին ո՞ր խնդիրների լուծումն եք առաջնահերթ համարել։

– Վերջին տարիներին հիմնական ուշադրությունը դարձրել ենք համայնքի ենթակառուցվածքների բարելավմանը, բնակավայրերի զարգացմանը և մարդկանց առօրյային առնչվող խնդիրների լուծմանը։ Կարևոր է, որ ծրագրերն ընդգրկեն ոչ միայն Վարդենիս քաղաքը, այլև գյուղական բնակավայրերը։

Լուծվել են այն խնդիրները, որոնք 30-40 տարիների ընթացքում ընդհանրապես չեն կարգավորվել։

– Ճանապարհաշինության ոլորտում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։

– 2026 թվականի խոշոր ծրագրերից է Վարդենիս քաղաքի Ծովակալ Իսակովի փողոցի հիմնանորոգումը։ Բացի ասֆալտապատումից՝ կառուցվել են մայթեր, բարելավվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են ջրընդունիչներ և իրականացվել են ճանապարհային կահավորման աշխատանքներ։ Աշխատանքներ են իրականացվում նաև Ակունքում, Տորֆավանում, Ծովակում, Կարճաղբյուրում, Սոթքում, Կախակնում, Մեծ Մասրիկում, Լուսակունքում, Վանևանում, Շատջրեքում, Նորաբակում և այլ բնակավայրերում։

2 կմ երկարությամբ ասֆալտապատվել է Գայի փողոցը, իսկ 2026 թվականին՝ Մաշտոցի փողոցը։ Բացի այդ, ասֆալտապատվում են նաև Կութ, Ազատ, Նորաբակ, Տորֆավան բնակավայրերը։

– Քաղաքից դուրս՝ համայնքի բնակավայրերում, ճանապարհային ի՞նչ խնդիրներ են այսօր լուծվում։

– Ակունքում բարեկարգվում են գերեզմանոց տանող ճանապարհը և Ա. Ավետիսյան փողոցը, իսկ Գեղամաբակում հիմնանորոգվում է դպրոց տանող ճանապարհը։ Աշխատանքներ են իրականացվում նաև Կախակնում, Փոքր Մասրիկում, Ազատում, Արփունքում, Նորաբակում, Շատվանում և այլ բնակավայրերում։

– Ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։

– Խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ են իրականացվել համայնքի բազմաթիվ բնակավայրերում՝ Ակունքից ու Արփունքից մինչև Գեղամասար, Սոթք, Կարճաղբյուր, Լուսակունք, Նորաբակ, Ծովակ և Լճավան։

Սոթքում 2026 թվականին շահագործման է հանձնվել նոր ոռոգման համակարգ՝ 6,2 կմ ջրագծով և 4400 խմ ջրամբարով։ Այն հնարավորություն է տալիս ոռոգել շուրջ 160 հեկտար հողատարածք։

– Բանդեր թաղամասում կոյուղու խնդիրը տարիներ շարունակ արդիական էր։ Ի՞նչ է փոխվել այս ծրագրի արդյունքում։

– Կառուցվել է 2700 գծամետր կոյուղու և դրենաժային համակարգ։ Այն նախատեսվում է միացնել Վարդենիսի մաքրման կայանին և լուծել շուրջ 700 տնտեսության խնդիրը։

– Բնակելի միջավայրի բարեկարգման մասով ի՞նչ փոփոխություններ են տեսնում քաղաքի բնակիչները։

– Շարունակվում են բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները․ կառուցվում են մայթեր, բարելավվում է ջրահեռացումը, վերականգնվում են կանաչ տարածքները։
Վարդենիսի Բանավան թաղամասը տարիներ շարունակ անտեսված է եղել։ Այսօր հիմնանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքները, ինչպես նաև կառուցվում է զբոսայգի, որի արժեքը կազմում է շուրջ 60 մլն դրամ։
Հիմնովին վերանորոգվել է Վարդենիսի գլխավոր հրապարակը, տեղադրվել են խոտածածկերը, վերանորոգվել է նաև կլոր հրապարակը։

– Ի՞նչ փուլում են բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։

– Տանիքների հիմնականում նորոգվել են, 43 բազմաբնակարան շենքի տանիքներից մնացել է 5/ի հիմնանորոգումը։ Աշխատանքներ են իրականացվում Սեսմանուկյան, Խաչատուր Ստեփանյան և Վիկտոր Համբարձումյան փողոցների շենքերում։

– Լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներն ո՞ր բնակավայրերն են ընդգրկում։
– Փողոցային լուսավորության ցանց է կառուցվում և ընդլայնվում Վարդենիսում և համայնքի բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Ծովակում, Լուսակունքում, Գեղամաբակում, Գեղամասարում, Խաչաղբյուրում, Կախակնում, Շատջրեքում, Փոքր Մասրիկում, Տորֆավանում, Շատվանում և Մեծ Մասրիկում։

– Կրթության ոլորտում այս տարիներին ի՞նչ նոր ենթակառուցվածքներ են ստեղծվել։

– Շատջրեքում 2026 թվականի սեպտեմբերին բացվել է նոր դպրոց։ Վարդենիսում հաստատվել է նաև նոր կրթահամալիրի կառուցման ծրագիրը՝ 700 տեղանոց դպրոցով, 150 տեղանոց նախադպրոցական մասնաշենքով և 60 տեղանոց համայնքահեն ցերեկային կենտրոնով։

Վարդենիսի գլխավոր ֆուտբոլային մարզադաշտում, որտեղ երկար տարիներ աշխատանքներ չեն իրականացվել, սկսել ենք վերանորոգման աշխատանքները՝ անդրանիկ ֆուտբոլային ակումբների հետ համատեղ։ Ժամանակակից խոտածածկն արդեն ամբողջովին պատրաստ է, մնացել են տրիբունաները։ 2026–2028 թվականներին կավարտենք գլխավոր մարզադաշտի հիմնանորոգումը։

– Նախադպրոցական կրթության հասանելիության ուղղությամբ ի՞նչ փոփոխություններ են եղել համայնքում։

– Բանավան թաղամասում կառուցվել է 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։ Գեղամասարում ևս գործում է 50 տեղանոց նոր մանկապարտեզ։

– Մշակութային և համայնքային կյանքի աշխուժացման համար ի՞նչ ծրագրեր են իրականացվում։

– Մեծ Մասրիկում նախատեսվում է մշակույթի տան կառուցում։ Մասնակցային բյուջետավորման շրջանակում ընտրվել են Բանավանում խաղահրապարակի կառուցման և Ծովակում կինոդահլիճի վերանորոգման ծրագրերը։

Լուսակունքում բացվել է «Հարեհաս» սոցիալ-կրթական կենտրոնը, որտեղ իրականացվում են կրթական, մասնագիտական և համայնքային զարգացման ծրագրեր։

– Սոցիալական աջակցության ծրագրերից որո՞նք են արդեն իրականացվել։

– Մեծ Մասրիկում բացվել է գերոնտոլոգիական կենտրոն, որտեղ տարեցներին տրամադրվում են սոցիալական բազմաֆունկցիոնալ ծառայություններ։ Իրականացվել է նաև արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիր՝ տեղահանված և սոցիալապես անապահով ընտանիքների համար։

– Առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում ի՞նչ աջակցություն են ստացել համայնքի բնակիչները։

– Ախպրաձոր և Մաքենիս բնակավայրերին տրամադրվել են դեղորայք և բժշկական սարքավորումներ։ Ախպրաձորում անցկացվել է նաև առաջին բուժօգնության դասընթաց։

Համայնքին տրամադրվել է 18,5 կՎտ հզորությամբ մուրճային աղաց՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին անասնակերով ապահովելու նպատակով։

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվել են նաև արևային էներգիայի և կաթիլային ոռոգման ծրագրեր․ մի շարք բնակավայրերի ֆերմերներ ստացել են հատապտղային տնկիներ և ոռոգման համակարգեր։

– Բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են նախատեսվում։

– Լուսակունքում EU4Sevan+ ծրագրի շրջանակում նախատեսվում է բնահեն լուծումներով կեղտաջրերի մաքրման կայան։ Այժմ քննարկվում են ծրագրի իրականացման հաջորդ քայլերը։

– Վարդենիսի մուտքի հատվածում նոր հրապարակ է կառուցվում։ Ի՞նչ է նախատեսված այս նախագծով։

– Կառուցվում է նոր հրապարակ, որտեղ նախատեսվում է տեղադրել 25 մետր բարձրությամբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշ։

– Այս ծրագրերի իրականացման հարցում պետություն–համայնք համագործակցությունն ի՞նչ հնարավորություն է տալիս։

– Ծրագրերի մի մասն իրականացվում է պետական և համայնքային միջոցների համադրությամբ։ Սուբվենցիոն ծրագրերը հնարավորություն են տալիս իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնք միայն համայնքի բյուջեով հնարավոր չէր կյանքի կոչել։

2018–2025 թվականներին միայն Վարդենիս քաղաքում իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 20 ծրագիր՝ շուրջ 4,38 մլրդ դրամ կապիտալ ներդրմամբ։

– Ինչպիսի՞ Վարդենիս եք ուզում տեսնել առաջիկայում։

– Մեր նպատակն է ունենալ բարեկարգ, անվտանգ և զարգացող համայնք, որտեղ բնակիչները կտեսնեն իրականացվող աշխատանքի արդյունքը։ Դեռ բազմաթիվ անելիքներ կան, և աշխատանքները շարունակվելու են՝ հաշվի առնելով թե՛ քաղաքի, թե՛ գյուղական բնակավայրերի կարիքները։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031