Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնահերթություն չկա և չպետք է լինի։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը։Անդրադառնալով ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից արված հայտարարություններին, թե Հայաստանի իշխանությունները դեմ են, որպեսզի այլ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ Սարգիս Խանդանյանը հերքել է այդ պնդումները։«Մենք ողջունում ենք բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և կշարունակենք ողջունել ճանաչման գործընթացը։ Սակայն, իմ կարծիքով, Ցեղասպանության ճանաչման հարցը յուրաքանչյուր պետության ներքին օրակարգի հարցն է՝ որքանով է այդ պետությունը հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքին ու սկզբունքներին և իր արժեքներով որքանով է նպաստում այդ գործընթացին»,- ասաց Խանդանյանը։Նրա խոսքով՝ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցներում։ Նա հիշեցրեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը։
Խանդանյանը նաև պարզաբանեց Հայոց ցեղասպանության հարցի գործիքայնացման և զենքայնացման վերաբերյալ իր դիրքորոշումը։«Մենք չենք ասում, որ ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը գործիքայնացնի կամ զենքայնացնի այդ հարցը։ Այո՛, չպետք է անի։ Մենք ասում ենք, որ ուրիշներն են դա անում՝ իրենց այլ հարաբերություններում այլ հարցեր լուծելու համար։ Դա շատ վիրավորական է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար»,- հայտարարեց նա։






































