Skip to main content

Թունյանն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանն առաջարկում է խորհրդարանում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքող խումբ։

Թունյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության քննարկման ժամանակ։

«Մտածում եմ, որ Ազգային ժողովում պետք է ստեղծենք բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ։ Իհարկե, այստեղ կարողությունների խնդիր կա, բայց կարծում եմ՝ դա լուծելի հարց է։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ այս հարցը քննարկելու ենք և կարող ենք շատ արդյունավետ համագործակցել»,- նշեց նա։

Թունյանը կարևորեց նաև խորհրդարանի վերլուծական կարողությունների ընդլայնումը։ Նրա առաջարկներից է ԱԺ բյուջեի շրջանակում առանձին ֆոնդի ստեղծումը, որի միջոցները կարող են ուղղվել տնտեսական հետազոտությունների իրականացմանը։

«Խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենա։ Գաղափարներից մեկն այն է, որ Ազգային ժողովն իր ամենամյա հաստատված բյուջեից բացի ունենա որոշակի ֆոնդ, որը կարող է ուղղվել տնտեսական բնույթի հետազոտությունների անցկացմանը»,- հավելեց Թունյանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթություններից է նաև գործարար միությունների և բուհական համայնքի հետ համագործակցության ակտիվացումը, ընդունված օրենքների արդյունավետության հետօրենսդրական մշտադիտարկումը և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկումը։

Թունյանը նկատեց, որ հաճախ քաղաքացիները խորհրդարանում ընդունված փոփոխությունների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն ուժի մեջ են մտնում և անմիջականորեն ազդում իրենց կյանքի կամ ֆինանսական վիճակի վրա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31