Skip to main content

«Մուլտի Ուելնես»-ը կշարունակի գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ հանգամանքից, թե ում են կատարվել վճարումները

Մուլտի Ուելնես» ակումբը կշարունակի գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը:

Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

«Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում «Մուլտի Վելնես» կենտրոնի գործունեությունը դադարեցվել է։ Նշված տարածքում կենտրոնը հուլիսի 31-ից կվերսկսի աշխատանքը Երևանի համայնքի կողմից՝ նոր անվանման ներքո։

Նախկինում կենտրոնի գործունեությունն իրականացվել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում, որի օգտագործման իրավունքը ներկայումս դադարեցվել է։ Դրա արդյունքում Երևանի քաղաքապետարանը ստանձնել է կենտրոնի գործունեության կազմակերպումը՝ ապահովելով ծառայությունների շարունակականությունը։

Կենտրոնի ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների պայմանագրերը կնքվել էին նախկին գործունեությունն իրականացնող ընկերության հետ, և վճարումները կատարվել էին այդ ընկերությանը։

Այնուամենայնիվ, կարևորելով հազարավոր քաղաքացիների շահերի պաշտպանությունը՝ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել շարունակել գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը։ Մինչև կազմակերպական գործընթացների ամբողջական ավարտը սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Երևանի քաղաքապետարանը։

«Բացի այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարականով կենտրոնի գործունեության դադարեցման ամբողջ ժամանակահատվածը կավելացվի յուրաքանչյուր հաճախորդի գործող փաթեթի ժամկետին, որպեսզի որևէ քաղաքացի չկրի կորուստ կենտրոնի ժամանակավոր չգործելու հետևանքով։

Ծառայությունների շարունակականությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կենտրոնի աշխատակազմին, այդ թվում՝ մարզիչներին, առաջարկել է շարունակել աշխատանքը նոր կառավարման ներքո։ Ներկայումս ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կենտրոնի բնականոն և անխափան գործունեությունն ապահովելու համար։

Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում կենտրոնի հաճախորդներին ցուցաբերած համբերության և վստահության համար։ Մեր առաջնահերթությունը եղել և մնում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու ծառայությունների բարձր որակի ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր ավելի վաղ հայտնել, որ նախկին «Մուլտի Ուելնես» ակումբը վերաբացվել է նոր անվան ներքո։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031