Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։
«Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ արձանագրված խախտումները հայտնի են եղել դեռևս մեկ տարի առաջ։
«Խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել իրենց հետ, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումներ են կայացվել»,- նշեց քաղաքապետը։
Հարցին՝ արդյոք որոշումը կապվա՞ծ է Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումների՝ ԱԱԾ գործողությունների և քրեական գործերի հետ, քաղաքապետը հետևյալ կերպ պատասխանեց․ «Ո՛չ, կապ չունեն։ Կոնկրետ այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ, և այս գործընթացը, անկախ որևէ այլ պրոցեսից, տեղի էր ունենալու»։
Քաղաքապետը հայտնեց, որ շենքը նախատեսվում է օգտագործել որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը։
«Այդ շենքի հետ կապված մենք անպայման դեռ կանդրադառնանք հարցին։ Մենք այնտեղ ունենք մարզվողներ, որոնց իրավունքները, կարծում եմ, պետք է պաշտպանենք։ Կարծում եմ՝ այն շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասաց Ավինյանը։
Հարցին՝ արդյոք այն կարո՞ղ է դառնալ համայնքային վճարովի մարզասրահ, քաղաքապետը պատասխանեց․ «Այն դառնում է հենց համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներով»։






































