Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հեղինակն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։
Ընդունված փոփոխություններով Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվում են որպես ոչ աշխատանքային։
Օրենքով նաև սահմանվում է, որ Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։
Փոփոխություններով հստակեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը։ Տոնը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա՝ ապրիլի վերջին կիրակի օրը։
Հայ կինոյի օրը ապրիլի 16-ի փոխարեն կնշվի ապրիլի 13-ին, Երկրապահի օրը կվերանվանվի «Երկրապահ-աշխարհազորայինի օր», իսկ Հայրերի օրը հունիսի 17-ի փոխարեն կնշվի հունիսի երրորդ կիրակի օրը։
Օրենքով տարանջատվել են նաև Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը։ Հուլիսի 5-ը կմնա Սահմանադրության օր, իսկ Պետական խորհրդանիշների օր կսահմանվի օգոստոսի 23-ը։
Նախատեսվում է նաև, որ ազգային փոքրամասնությունների առաջարկով Կառավարությունը կկարողանա ոչ աշխատանքային օրեր սահմանել նրանց ազգային տոները նշելու նպատակով։
Տոնացույցում ավելացվել են Մեսրոպ Մաշտոցի օրը՝ փետրվարի 17-ին, և Նավասարդը, որը որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր կնշվի օգոստոսի 11-ին։
Բացի այդ, օրենքով սահմանվել են Երևանի և մարզերի օրերը, որոնք կնշվեն սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ սահմանված հերթականությամբ։






































