Skip to main content

Քաղաքական «աբիժնիկությունը» թաքցնել չկարողացող ու լեզվին «գազ տվող» «ուժեղ Նարեկին» սպասում են ԱԺ-ում՝ դաստիարակելու

Թվում էր, թե «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի անցումային թեկնածու, ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը իրենց կուսակցության, դրա լիդերի գլխովն անցածից, քաղաքական դառը իրողություններին բախվելուց ու, ինչպես ժողովուրդն է ասում՝ «քիթն ասֆալտին քսվելուց» հետո պետք է քաղաքական լրջություն ու հասունություն ձեռք բերեր։ Բայց՝ ոչ։ Նրա՝ հետընտրական շրջանի մի շարք հայտարարություններ վկայում են Նարեկ Կարենիչի ծանր հոգեվիճակի՝ խորը ընկճախտի ու քաղաքական «մանթրաշի» մեջ գտնվելու մասին։ Մասնավորապես, այսօր նա մի տեսաուղերձ է հրապարակել, որի ասելիքն ու բառապաշարը հուշում են, որ ի դեմս դեղնակտուց քաղգործչի՝ գործ ունենք շարքային «աբիժնիկի» հետ, մեկի, որը որոշել է զոռ տալ լեզվին ու արտահայտել «վառված» սրտինը։ Տեսաուղերձը Կարապետյանը նվիրել է ԱԺ նախագահ ԱլենՍիմոնյանին, որը, հիշեցնենք, նոր խորհրդարանի ԱԺ նախագահ այլևս չի լինելու, քանի որ ՔՊ կուսակցության վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նարեկ Կարապետյանը ԱԺ փոխնախագահին՝ ԱԺ ապագա նախագահին, անվանել է «թուրքամետ» ու «հարևան երկրի ներկայացուցիչը, մարդը ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնում»։ Եթե նման ուղերձ հրապարակեր, ասենք, Ալիկ Ալեքսանյանը՝ «ուժեղ Ալիկը», կամ, ասենք, մեկ այլ՝ շարքային «ուժեղիստ», գուցե ինչ-որ տեղ ընկալվեր նման ցանցառությունը, բայց Նարե՞կը, Կարապետյա՞ն, պատգամավորի մանդատը կիսով չափ «ջեբը» դրա՞ծը։

Փաստորեն, Կալուգացու զարմիկը ցինիկ լինելուց բացի՝ նաև ծանծաղ հիշողություն ունի։ Ու եթե լավ հիշողություն ունենար, ապա լեզվի փոխարեն զոռ կտար (թե՞, ինչպես կասեր հորեղբայր Սամվելը՝ «գազ կտար») ուղեղին՝ արձանագրելով, որ իր սիրելի հայրիկը, որը վերջերս լողազգեստը հագին օտար ափերից մեկում (ով գիտե՝ գուցե թուրքակա՞ն) հանգիստն էր վայելում, ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի թիմակիցն ու նրա աշխատակազմի ղեկավարը։ Մի մարդու, որը, թերևս, հայտնի է որպես մինչև այժմ եղած ամենաջիգյարով թուրքամետ գործիչը։ Մարդ, որի նախագահության օրոք սկիզբ դրվեց «ֆուտբոլային դիվանագիտությանը», ու ստորագրվեցին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող դրույթ պարունակող հայ-թուրքական արձանագրությունները։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, առաջինը «գնդակը նետեց» Թուրքիայի «դիվանագիտական դարպաս»՝ այդ երկրի նախագահ Ա․ Գյուլին հրավիրեց Հայաստան Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ՀՀ-Թուրքիա խաղը դիտելու, հետո էլ գնաց Թուրքիա՝ Գյուլի հետ ջան-ջիգյար միջավայրում դիտեց ՀՀ-Թուրքիա պատասխան խաղը։ Առաջարկում ենք, որ Նարեկ Կարապետյանը, երբ նրա հայրիկը վերադառնա հանգստից, խնդրի նրան վերհիշել ֆուտբոլային դիվանագիտության օրերն ու գուցե հետաքրքիր, խայտառա՜կ հետաքրքիր բաներ բացահայտի «թուրքամետության» թեմայով։

Նարեկ Կարապետյանը, փաստորեն, լինելով այդքան «ջահել ու խոստումնալից» երիտասարդ քաղգործիչ, որոշել է կրկնել իր՝ ավելի փորձառու քաղաքական գործընկերների քստմնելի, էժանագին վարքագիծը՝ կարծելով, որ եթե կառավարող ուժի ներկայացուցիչների հասցեին հոլովի «թուրքամետ» և «թուրք» բառով բաղադրված այլ ածականներ, կամրապնդվի իր ռազմահայրենասիրական կերպարը։ Ի՞նչ տարբերություն, օրինակ, «թուրքատյացությունը» կյանքի իմաստ, քաղաքական հաց ու ջուր դարձրած ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանի, Գեղամ Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի միջև։ Առաջին երեքն էլ էին (են) իրենց քաղաքական անփառունակ գործունեության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանում չարաշահում «թուրքամետ» բառն ու էքստազի մեջ ընկնում այդ չարաշահումից։

Հիմա, փաստորեն, նրանց «քնարը» նոր հետևորդ ունի՝ «ուժեղ Նարեկն» ու նրա գլխավորած «փոքրիկ խմբակը», որը, ենթադրում ենք, վերցնելու է մանդատներն ու գնալու է ԱԺ և «թուրքամետ» խոսնակի նախագահությամբ ընդդիմադիր խմբակցություն է աշխատելու։ Եվ ով գիտե, գուցե կրկնելու է «քույր» քաղաքական ուժի ներկայացուցիչների ֆենոմենը՝ «մինչև քոք մաշվելով»։

Նարեկ Կարապետյանին արձագանքել է Ռուբեն Ռուբինյանը՝ մասնավորապես նշելով, որ ինքը՝ ի տարբերություն Կալուգացու և նաև նրա զարմիկի, ունի միայն մեկ երկրի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության, և ունի մեկ հայրենիք։ Եվ բացի դրանից՝ ինքը՝ Ռուբինյանը, չի փախել, փողով չի ազատվել ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես, օրինակ, նույն Նարեկ Կարապետյանն ու նրա հորեղբորորդիները։ «Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը երևի ժամանակ չի ունեցել դաստիարակելու իր որդուն ու նրան սովորեցնելու, որ մարդկանց չի կարելի հանիրավի մեղադրել և զրպարտել։ Բայց ես էդ բացը կլրացնեմ։ Կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին։ Եթե, իհարկե, նա չվախենա և գա ԱԺ։ Սպասում եմ»։

ԱԺ աշխատանքներին հետևող հանրությունն էլ է սպասում։

Հ. Մանուկյան

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031