Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ «Բարսելոնան» արձագանքել է ֆինանսական խախտումների և փողերի լվացման մեղադրանքներին

​Կատալոնական «Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ի պատասխան ակումբի անդամներից մեկի կողմից Իսպանիայի Ազգային դատարան ներկայացված բողոքի: Ըստ այդ բողոքի՝ ակումբի ղեկավարությունը մեղադրվում է փողերի լվացման և չհիմնավորված միջնորդավճարներ ստանալու մեջ։ Այս մասին լուրը երկուշաբթի օրը հրապարակել էր El Periódico պարբերականը:

​Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը, դեռևս 2026 թվականի հունվարի 15-ին երկու ԶԼՄ-ների լրագրողներ և OCCRP կազմակերպությունը դիմել էին ակումբին՝ խնդրելով ստուգել խախտումները հաստատող ենթադրյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը:

​Ներքին հետաքննության արդյունքում ակումբը պարզել է, որ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և հիմնված է կեղծված փաստաթղթերի վրա: Հունվարի 19-ին կատալոնացիներն այդ մասին տեղեկացրել են լրագրողներին՝ հորդորելով զերծ մնալ հրապարակումներից: Ըստ ակումբի տվյալների՝ տեղեկատվությունը ստացած իսպանական ազգային ԶԼՄ-ներից և ոչ մեկն այն չի հրապարակել՝ ապացույցները որակելով որպես կեղծ:

​Այժմ «Բարսելոնան» մտադիր է կոշտ քայլերի դիմել.

​Իրավական գործընթաց սկսել կեղծ զեկույցի հեղինակների դեմ՝ զրպարտության համար:

​Պահանջել Կարգապահական կոմիտեից խիստ պատժամիջոցներ կիրառել գործին մեղսակից ակումբի անդամների նկատմամբ:

​Պատասխանատվության ենթարկել հոդվածը հրապարակած լրատվամիջոցին՝ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու համար:

​Ակումբում նաև ցավով նշել են, որ այս անհիմն մեղադրանքներն ի հայտ են եկել նախընտրական գործընթացի թեժ շրջանում՝ սա որակելով որպես «Բարսելոնայի» անդամների դեմոկրատական ընտրության վրա ազդելու ուղիղ փորձ:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728