Միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը բարձրանալու է: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը:
«Եթե իրենց ասելով` վարկերի տոկոսները մտնում էր սակագնի մեջ, դրա համար էլ սակագինը թանկ էր, ապա ասեմ, որ 6 ամիս է իրենք են կառավարում ու իրավունք ունեն դիմելու սակագին իջեցնելու համար: Իրենց ասելով՝ իրենք շատ լավ են կառավարում, թալան ու կոռուպցիա չկա, իսկ մեր ժամանակ թալանվել է, կոռուպցիա է եղել: Անընդհատ գրում են՝ այսքան գումար ենք վերադարձրել, այդ դեպքում հարց է առաջանում, եթե կոռուպցիա չկա, ապա ո՞ւր են գնում այդ գումարները և ինչու սակագինը չի իջնում:
Այստեղ կա երեք տարբերակ, կամ մեր «թալանածը» իրենք շարունակում են, կամ իրականում նման բան չի եղել, կամ էլ մեր ժամանակ չի եղել, իրենք են անում: Այլ տարբերակ չկա, որովհետև ինչպես կարող ես գալ, լավ աշխատել, ամբողջ օրը գլուխ գովալ, վերջում այդ գումարներով սակագին չիջեցնես:
Եթե իրենք 1 տոկոս հնարավորություն ունենային, սակագինը թեկուզ 1 դրամով կիջեցնեին, որպես նախընտրական արշավի մի մաս: Պատկերացրեք, թե ինչ վատ վիճակ է եղել, որ իջեցնել չեն կարողացել, կարողացել են միայն պահել նույն սակագինը ու գոնե չթանկացնել»,- նշել է նա:






































