Առաջին անգամ միջոցառումները ՀՀ–ի և Ադրբեջանի պետական ֆինանսավորմամբ են արվել. Մենք մեր ցավը չենք ջնջում. Արեգ Քոչինյան

Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և մեդիա ներկայացուցիչների միջև միջոցառումը: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ասաց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը:

«Յուրաքանչյուր կողմից եղել է 20 պատվիրակ: Ադրբեջանական կողմի պատվիրակությունը Հայաստան էր ժամանել սահմանի սահմանազատված ու սահմանագծված հատվածով՝ Ոսկեպար գյուղի մոտակայքում գտնվող կետով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը: Ժամանել էին Հայաստան, և տեղի էր ունեցել մեր համաժողովը: Էական ընդլայնում կա ֆորմատի: Ամեն կողմից մասնակցել է 20 հոգի՝ նախկինում 5 հոգու փոխարեն: Ես դա բավականին կարևոր եմ համարում»,- նշեց Քոչինյանը՝ հավելելով, որ խոսքն արդեն ձևավորված ֆորմատի, այլ ոչ թե մեկանգամյա, երկուանգամյա կամ երեքանգամյա որևէ նախաձեռնության մասին է:

«Սա իր կանոնները, իր ավանդույթները ունեցող ֆորմատ է, որը շարունակվում է և շարունակվելու է: Ես կարևոր եմ համարում այն, որ կողմերը, բացի այս հանդիպումներից, նաև անում են բավականին լուրջ տնային աշխատանք: Մեր երկու երկրներում համապատասխան պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում այդ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մեդիայի հետ, փորձագիտական համայնքի հետ, քաղաքացիների հետ, մարզային համայնքներում այցելություններ են պլանավորվում: Բոլոր ուղղություններով նախաձեռնությունները աշխատում են հնարավորինս ընդգրկուն միջավայր ձևավորելու համար: Նախաձեռնությունները պայմանավորվել են համատեղ պրոյեկտների մասին: Մենք գրում ենք համատեղ հոդվածներ, որոնցից առաջինը, հույս ունեմ, որ առաջիկա օրերին դուք հնարավորություն կունենաք տեսնելու, համատեղ հետազոտություններ: Այլ համատեղ պրոյեկտներ ենք քննարկում, որոնք շուտով իրականություն կդարձնենք: Կարևոր եմ համարում նաև այն, որ մեզանում շարունակվում է ավանդույթը, որ կողմերը, անկախ նրանից՝ միջոցառումը Հայաստանում է, թե Ադրբեջանում, հնարավորություն են ունենում իրենց հասարակություններին հուզող բոլոր հարցերը բարձրաձայնելու և քննարկումներ իրականացնելու»,- ասաց նա:

Արեգ Քոչինյանը տեղեկացրեց, որ ցամաքային անցման գաղափարը ծնվել է հենց փորձագիտական քննարկումների ժամանակ: «Եվ երկու երկրներում այդ գաղափարը ողջունել են և իրականություն են դարձրել: Նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որ առաջին անգամ միջոցառումները երկու երկրների կառավարությունների անմիջական աջակցությամբ են իրականացվում՝ պետական աջակցությամբ և պետական ֆինանսավորմամբ»,- նշեց նա:

Անդրադառնալով քննադատություններին, որ իրենք այս նխաձեռնություններով ջնջում են անցյալը, մոռանալ մեր ցավը, Քոչինյանն ասաց. «Մեզ հաճախ ասում են՝ դուք, ի՞նչ է, փորձում եք անցյալը ջնջել, դուք, ի՞նչ է, փորձում եք մեր ցավը մոռանալ, դուք, ի՞նչ է, փորձում եք խմբագրել և այլն: Ես շատ կարևոր եմ համարում արձանագրել մի բան, որ որևիցե պահի մենք մեր առջև նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը, մոռացության մատնել մեր տարաձայնությունները, մոռացության մատնել այն ցավը, որը և՛ մեր, և՛ իրենց հասարակությունում կա: Դա չէ այս ֆորմատի նպատակը, այս ֆորմատի նպատակը՝ փորձել ձևավորել նաև խաղաղության օրակարգը սպասարկող նախագծեր, քննարկումներ, փորձել ձևավորել դրական թղթապանակ՝ միաժամանակ փորձել աջակցել առկա խնդիրների լուծմանը՝ գաղափարներ առաջարկելով»,- նշեց Արեգ Քոչինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728