Նորվեգիայի տնտեսական եւ բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական վարչությունը («Էկոկրիմ») կոռուպցիայի կասկածանքով հետաքննություն է սկսել նախկին վարչապետ (1996–1997) եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար (2009–2019) Թորբյորն Յագլանդի դեմ։ Հետաքննությունը սկսվել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործով փաստաթղթերի հրապարակումից հետո, տեղեկացվել է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։
Ինչպես ավելի վաղ պարզել էին նորվեգական լրատվամիջոցները, Յագլանդը պարբերաբար շփվել է Էփշթեյնի հետ։ 2014թ․ նա պլանավորել էր ընտանիքի հետ այցելել ֆինանսիստի մասնավոր կղզի, սակայն ուղեւորությունը հետագայում չեղարկվել է։ Նույն թվականին նա խնդրել է նրան օգնություն մասնավոր տան գնման ֆինանսավորման հարցում։ Նորվեգական լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ Յագլանդը նշել է, որ գնումը, ի վերջո, ֆինանսավորվել է ի հաշիվ բանկային վարկային միջոցների։
«Մենք կարծում ենք, որ կան բավարար հիմքեր հետաքննություն սկսելու համար, քանի որ նա [Յագլանդը] զբաղեցրել է Նոբելյան կոմիտեի նախագահի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնները հրապարակված փաստաթղթերում ընդգրկված ժամանակահատվածում»,- ասել է «Էկոկրիմ»-ի գործադիր տնօրեն Փոլ Լյոնսեթը՝ մեկնաբանելով հետաքննությունը: Յագլանդը Նոբելյան կոմիտեի նախագահ է եղել 2009-2015թթ․։
Ինչպես նշել են գերատեսչությունում, հետաքննողները կփորձեն պարզել, թե արդյոք Յագլանդը ստացել է նվերներ, ֆինանսական կամ այլ ծառայություններ՝ որպես Եվրոպայի խորհրդի նախագահ կամ գլխավոր քարտուղար: Հետաքննության շարունակման համար պետք է վերացվի Յագլանդի՝ որպես Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղարի, իրավական անձեռնմխելիությունը: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն հայտնել է, որ արդեն համապատասխան հարցում է ներկայացրել կազմակերպությանը:






































