ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպիններին հրավիրել է միանալ իր ստեղծած Գազայի խաղաղության խորհրդին։ Այս մասին տեղեկացրել է Վաշինգտոնում հանրապետության դեսպան Խոսե Մանուել Ռոմուալդեսը։
«Նախագահ Թրամփն ինձ անձնական նամակ է ուղարկել [Ֆիլիպինների] նախագահ Ֆերդինանդ Մարկոս [կրտսեր]-ի անունով՝ հրավիրելով միանալ Խաղաղության խորհրդին»։ Նրա խոսքերը մեջբերել է NewsWatch Plus Philippines հեռուստաալիքը։
Ռոմուալդեսն ավելացրել է, որ Մանիլան խորհրդին միանալու որոշում կկայացնի առաջիկա շաբաթներին։ Իշխանություններն ուսումնասիրում են, թե ինչ ներդրում կկարողանա ունենալ Ֆիլիպինները կազմակերպությունում։
Հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում 19 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են Գազայի խաղաղության գործընթացի շրջանակում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ կազմակերպությանը միացել են նաեւ այլ երկրներ։ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջեւ Գազայի կառավարումն իրականացնելու համաձայնագրի համաձայն, սակայն ենթադրվում է, որ այն կզբաղվի նաեւ այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ եւ կարգավորմամբ։






































