«Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցներին տեղեկացրել են սպասվող կրճատումների մասին, գրում է «Կոմերսանտ»-ը։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատակիցներին «խնդրում են հեռանալ» առանց փոխհատուցման կամ տեղափոխվել այլ պաշտոնների՝ եկամտի կորստով։
Ըստ հրապարակման՝ «Դոմոդեդովոյի» գլխավոր տնօրեն Անդրեյ Իվանովը, օդանավակայանի աճուրդով վաճառվելու հաջորդ իսկ օրը, հայտարարել է «Domodedovo Commercial Services» (ՍՊԸ ԴԿՍ) ստորաբաժանման հաստիքների օպտիմալացման մասին, որն զբաղվում է ավիաընկերությունների և այլ գործընկերների հետ պայմանագրերի վարմամբ։ Այս ստորաբաժանումում աշխատում է շուրջ 130 մարդ, որոնց մի մասին առաջարկել են սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից՝ «անհամապատասխանության հոդվածով կամ կարգապահական պատասխանատվության ենթարկվելով» հեռացումից խուսափելու համար։ Մյուս մասին, ըստ պարբերականի զրուցակիցների, առաջարկել են փոխել պաշտոնները, սակայն դրույքաչափի կրճատմամբ և եկամտի կորստով։
Սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռանալու նմանատիպ առաջարկներ, ըստ աղբյուրների, ավելի վաղ ստացել են նաև օդանավակայանի մի շարք այլ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Դոմոդեդովո Քեյթերինգի» աշխատակիցներն ու ղեկավարները։ Ընդհանուր առմամբ, «Կոմերսանտի» զրուցակիցների գնահատմամբ, խոսքը մոտ հարյուր աշխատակցի մասին է։
«Դոմոդեդովոյի» ղեկավարությունը «Կոմերսանտին» հայտնել է, որ «օդանավակայանում իրականացվում են կառավարչական փոփոխություններ՝ ուղղված ավիաընկերությունների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»։ Օդանավակայանից հավաստիացրել են, որ փոփոխությունները չեն առնչվի այն աշխատակիցներին, ովքեր ապահովում են օդանավակայանի՝ որպես արտադրական համալիրի անխափան ու անվտանգ աշխատանքը, ինչպես նաև նրանց, ովքեր զբաղվում են ավիաընկերությունների ներգրավմամբ և նրանց հետ տարվող աշխատանքներով։ Աշխատակիցներին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու առաջարկների մասին լուրերը օդանավակայանի ղեկավարությունը չի մեկնաբանել։
2025 թվականի ամռանը, այն բանից հետո, երբ «Դոմոդեդովոն» անցել է պետության վերահսկողության տակ և այն գլխավորեց Անդրեյ Իվանովը, օդանավակայանում տեղի ունեցավ վերակազմավորման առաջին ալիքը, որի ընթացքում, «Կոմերսանտի» աղբյուրների գնահատմամբ, հեռացել է 200-ից 300 աշխատակից։ Օդանավակայանի ղեկավարությունը չի մեկնաբանել հեռացած աշխատակիցների թվի վերաբերյալ տվյալները՝ միայն հայտնելով, որ վերակազմավորումը թույլ է տվել օպտիմալացնել կառավարչական գործընթացները և կրճատել վարչական ծախսերը։
«Կոմերսանտի» կողմից հարցված փորձագետները նշել են, որ «Դոմոդեդովոյում» ուղևորահոսքի նվազման պայմաններում կրճատումները սպասելի էին։ Բացի այդ, Տնտեսության բարձրագույն դպրոցի Տրանսպորտի տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր փորձագետ Ֆեդոր Բորիսովի կարծիքով՝ նախորդ սեփականատերերի օրոք չափից ավելի է մեծացվել ներքին գործընթացների վերահսկողության և մոնիթորինգի համար պատասխանատու աշխատակազմը։
2026 թվականի սկզբի դրությամբ «Դոմոդեդովոյում» աշխատել է շուրջ յոթ հազար մարդ։
«Դոմոդեդովո» օդանավակայանը ազգայնացվել է 2025 թվականի հունիսին՝ Ռուսաստանի Գլխավոր դատախազության հայցով։ Գլխավոր դատախազության պահանջները կապված են եղել օդանավակայանի սեփականատերեր Դմիտրի Կամենշչիկի և Վալերի Կոգանի օտարերկրյա քաղաքացիության հետ։
Հունվարի 29-ին երկրորդ փորձից «Դոմոդեդովոն» վաճառվել է աճուրդով։ Օդանավակայանի նոր սեփականատերը դարձել է «Շերեմետևո միջազգային օդանավակայան» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը։






































