ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ անցյալում իր ընտրական հաղթանակին փորձել է խոչընդոտել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը, ով մեղադրվում էր անչափահասների սեռական շահագործման մեջ։ Այս մասին ամերիկյան առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Պարզվել է, որ Ջեֆրի Էփշտեյնը և այդ ստահակը՝ գրող Մայքլ Վուլֆը, դավադրություն են կազմակերպել Դոնալդ Թրամփի դեմ, որպեսզի նա պարտվի ընտրություններում»,- նշել է ամերիկյան առաջնորդը՝ խոսելով իր մասին երրորդ դեմքով։ Միացյալ Նահանգների նախագահն այսպես է մեկնաբանել ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Էփշտեյնի գործով միլիոնավոր փաստաթղթերի հրապարակումը։
«Էփշտեյնը դավադրության մեջ է մտել գրողի հետ, որպեսզի ես պարտվեմ ընտրություններում։ Այնպես որ, հասկանում եք՝ ես այդ տղայի հետ որևէ կապ չեմ ունեցել»,- հավելել է Թրամփը։
Նա վստահություն է հայտնել, որ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը ձգտել է հասնել հիշյալ նյութերի հրապարակմանը՝ հույս ունենալով քաղաքական վնաս հասցնել իրեն։
«Իսկ հիմա սա շրջվում է հենց իրենց դեմ, քանի որ այս ամենում այդքան մեծ դեր է խաղացել [ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ] Քլինթոնը»,— հավելել է Թրամփը: «Խնդիրն այն է, որ, ինչպես պարզվում է, դեմոկրատները դավադիր համաձայնության մեջ են եղել Էփշտեյնի հետ»,— ընդգծել է քաղաքական գործիչը: «Միայն պատկերացրեք՝ նրանք գործել են համատեղ՝ ձգտելով այն բանին, որ ես պարտվեմ ընտրություններում»,— եզրափակել է նա: Ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ հիշյալ դավադրության կապակցությամբ հայց կներկայացնի Էփշտեյնի ժառանգների, ինչպես նաև ամերիկացի հրապարակախոս Մայքլ Վուլֆի դեմ։ Թրամփը հաղթանակ էր տարել ԱՄՆ նախագահական ընտրություններում 2016 թվականին։ 2020 թվականի պետության ղեկավարի ընտրություններում նա պարտվել է Ջո Բայդենին։ Թրամփը հաղթել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում և ստանձնել ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնը 2025 թվականի հունվարի 20-ին։
Էփշտեյնը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել է ապացույցների առկայության մասին, ըստ որոնց՝ 2002-2005 թվականներին նա Մանհեթենի իր առանձնատանը կազմակերպել էր տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ, որոնցից ամենակրտսերը 14 տարեկան է եղել։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ընդգրկված են եղել մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ այլ երկրներից (այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ), խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։
Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումն ԱՄՆ-ում դադարեցվել է 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպանությունից հետո։ Էփշտեյնի ծանոթների թվում են նաև Քլինթոնը և Թրամփը, ինչպես նաև Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայրը՝ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը։






































