Սիթքոմից կինո՝ «Full House»-ը հանդես է գալիս մեծ էկրանին». (լուսանկարներ)

Արմենիա հեռուստաընկերության եթերում 2014 թվականին մեկնարկած «Full House» սիթքոմը տարիներ շարունակ եղել է հայաստանյան հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում՝ ձևավորելով լայն և հավատարիմ լսարան։ Նախագծի ավարտից շուրջ յոթ տարի անց ստեղծագործական թիմը հանդես է գալիս «Full House»-ը կինոէկրան վերադարձնելու նախաձեռնությամբ՝ այս անգամ լիամետրաժ ֆիլմի ձևաչափով։

Ֆիլմի ստեղծման շարժառիթների մասին ասուլիսի ընթացքում խոսել է սցենարի համահեղինակ և պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը՝ ընդգծելով, որ որոշման հիմքում հանդիսատեսի շարունակական հետաքրքրությունն ու պահանջարկն են։ Նրա խոսքով՝ սիթքոմի ավարտից հետո տարիներ շարունակ թիմը հանդիպել է հեռուստադիտողների, որոնք հիմնականում հետաքրքրվել են նախագծի հնարավոր վերադարձով։

Դանիելյանի գնահատմամբ՝ այդ շարունակական սպասումն ու հետաքրքրությունը դարձել են նախագծին նոր ձևաչափով կյանք տալու և այն մեծ էկրան տեղափոխելու հիմնական գործոնները։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ֆիլմը նպատակ ունի ներկայանալ ոչ միայն որպես սիթքոմի շարունակություն, այլև որպես ինքնուրույն կինեմատոգրաֆիկ աշխատանք։ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում վերջինս նշեց, որ որոշումը պայմանավորված է եղել առաջին հերթին հանդիսատեսի շարունակական պահանջարկով։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ թիմը հանդիպել է հեռուստադիտողների, որոնք հետաքրքրված էին ոչ թե դերասանների առօրյա կյանքով կամ նոր նախագծերով, այլ մշտապես մեկ հարցով՝ երբ է «Full House»-ը վերադառնալու։ Դանիելյանի գնահատմամբ՝ հենց այդ մշտական հետաքրքրությունն ու սպասումը դարձել են նախագծին նոր կյանք տալու հիմնական շարժիչ ուժը։

Սցենարական աշխատանքների մասին խոսելով՝ վերջինս ընդգծեց, որ թեև սցենարիստներ են համարվում ինքը և Գարիկ Սեփխանյանը, սցենարը ձևավորվել է կոլեկտիվ մոտեցմամբ։ Ամբողջ դերասանական կազմը ներգրավված է եղել գաղափարների քննարկման փուլում, և յուրաքանչյուր լուծում հաստատվել է միայն ընդհանուր համաձայնության դեպքում, ինչը թույլ է տվել պահպանել պատմության ամբողջականությունն ու տրամաբանական զարգացումը։

Այն հարցին,թե, եթե տարիներ առաջ սիթքոմի ձևաչափում հնարավոր էր որոշակի սցենարական թերացումներ թույլ տալ, որոնք այդքան նկատելի չէին, ապա ֆիլմի դեպքում ինչպե՞ս է հաջողվել ապահովել պատմության ճիշտ կառուցվածքը, անցումների և զարգացումների կոկիկությունը, Դերասանուհի Մարջան Ավետիսյանը պատասխանեց, որ սցենարական լուծումները էականորեն չեն տարբերվել սիթքոմում կիրառված մոտեցումներից։ Նրա խոսքով՝ տարբերությունն այն է, որ ֆիլմի պարագայում այդ նույն գաղափարներն ու լուծումները իրականացվել են ավելի գրագետ և համակարգված ձևով։

Դերասանուհին նշեց, որ սցենարական աշխատանքների ընթացքում յուրաքանչյուր անդամ ունեցել է իր կարևոր ներդրումն ու մասնակցությունը, իսկ թիմային աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել ստեղծել նախագիծ, որը մեծ պահանջարկ է վայելում հանդիսատեսի շրջանում։ Նրա գնահատմամբ՝ հենց միասնական մոտեցումն ու փոխհամաձայնությունը դարձել են ֆիլմի հաջողության առանցքային գործոններից մեկը։

Գլխավոր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը անդրադարձավ նախագծի միջազգային հեռանկարներին՝ նշելով, որ այն նախատեսված է ցուցադրման համար ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Նրա խոսքով՝ մի շարք երկրներում արդեն արձանագրվել է հետաքրքրություն հայկական համայնքների կողմից, ինչը նախագծին տալիս է նաև համայնքներին միավորող նշանակություն։ Ֆիլմի սյուժեի հիմքում մի խումբ ընկերների ճանապարհորդությունն է, որոնք տարբեր հանգամանքների բերումով մեկնում են Դուբայ և պատահաբար հայտնվում նույն չվերթում։ Իրադարձությունները զարգանում են անսպասելի կերպով, երբ նրանք հայտնվում են հեռավոր անտառում և ստիպված են միասին հաղթահարել առաջացած դժվարությունները՝ բախվելով տարբեր արկածների։ Պատմությունը կառուցված է հումորային ձևաչափով՝ պահպանելով «Full House»-ին բնորոշ ոճն ու էներգիան։

Դերասանուհի Արփի Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ նկարահանման ընթացքում եղել են բավականին ծանր տեսարաններ, սակայն թիմային ջերմ մթնոլորտը թույլ չի տվել լիարժեք զգալ այդ բարդությունը։

Նրա խոսքով՝ նկարահանումների ընթացքում ձևավորված փոխըմբռնումն ու համախմբվածությունը փոխանցվելու են հանդիսատեսին։

Արտադրական գործընթացին անդրադառնալով՝ գլխավոր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նշեց, որ նախագծի ամենամեծ հաջողություններից մեկը եղել է այն, որ նկարահանված նյութից կտրել են ընդամենը մոտ չորս րոպե։ Սա վկայում է, որ աշխատանքն ընթացել է հարթ և արդյունավետ, և թիմը չի ունեցել տեսարաններ, որոնք հետագայում չեն օգտագործվել։ Նա հավելեց, որ նկարահանումները տևել են մոտ քառասուն օր՝ մեկ ամսից մի փոքր ավելի, և ամբողջ գործընթացը կազմակերպվել է համակարգված և արդյունավետ ձևով։

Ամփոփելով՝ Գրիգոր Դանիելյանը նշեց, որ նախագծի հետագա ընթացքը մեծապես կախված է հանդիսատեսի արձագանքից։ Նրա խոսքով՝ դրական ընդունելության դեպքում չի բացառվում նաև շարունակությունը, սակայն վերջնական որոշումները կընդունվեն միայն արդյունքների գնահատումից հետո։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  

- Այս թեմայով -