Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպի АH3N2 ենթատեսակի վիրուսները։ ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը ամփոփ ներկայացրել է սուր շնչառական վարակների ակտիվությունը Հայաստանում և Եվրոպական տարածաշրջանում` այս տարվա 3-րդ շաբաթվա վիճակագրությունը։
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) դեպքերի ամփոփ վերլուծության համաձայն` 2026թ.-ի 3-րդ շաբաթվա ընթացքում (12.01-18.01.2026թ.) ծանր ՍՇՎ-ով նոր դեպքերի թիվը եղել է 46, որը 25.8%-ով նվազել է նախորդ շաբաթվա համեմատ: ԾՍՇՎ-ով դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 5.4%-ը` նախորդ շաբաթվա 9.7%-ի փոխարեն: Հարկ է նշել, որ ընդհանուր եպքերի 59%-ը (27 դեպք) եղել է մինչև 5 տարեկանների, իսկ 41%-ը (19 դեպք)` 5-14 տարեկանների շրջանում: Ընդհանուր ԾՍՇՎ-ով 1 հիվանդ (մինչև 5 տարեկան) ընդունվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 11:
Կարևոր է ընդգծել, որ ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Համաձայն պաշտոնական հրապարակումների` Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպի АH3N2 ենթատեսակի վիրուսները։
Տարածաշրջանային մակարդակում 2026թ.-ի հունվարի 5-ից 11-ը նկատվել է գրիպի ակտիվության որոշակի նվազում` դեռևս արձակուրդներով պայմանավորված: Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) ամփոփած տվյալների` գրիպով հիվանդների հոսպիտալացումների ամենամեծ մասնաբաժինը շարունակում են մնալ 65 և ավելի բարձր տարիքի անձիք: Տարածաշրջանում A (H3) գրիպի վիրուսը շարունակում է մնալ շրջանառվող գերակշռող տեսակը (78%), չնայած հայտնաբերվում է նաև A(H1) վիրուսը (22%):
Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը դեռևս գերազարցում է 10% համաճարակային շեմը և կազմել է 33%, նախորդ շաբաթվա 39%-ի համեմատ: 31 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 32%, ևս 29 երկրներ հաղորդել են առնվազն 10%:
SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը շարունակում է մնալ ցածր և կազմել է 2%:
Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) շրջանառությունը չի փոփոխվել նախորդ շաբաթվա համեմատ, RSV դրական նմուշների մակարդակկը կազմել է 7%: Մինչև 5 տարեկան երեխաները դեռևս կազմում են դեպքերի գերակշռող մասնաբաժինը:






































