«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոյի հեռանալու մասին։ Բրազիլացին ամռանը կհեռանա ակումբից, երբ նրա պայմանագրի ժամկետը ավարտվի։
33-ամյա խաղացողը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել իր սոցիալական էջում, որին կից հրաժեշտի նամակով դիմել է «կարմիր սատանաների» երկրպագուներին։
«Դու պետք է իմանաս, թե երբ է փուլն ավարտվում։ Դու պետք է իմանաս, թե երբ հրաժեշտ տալ, երբ զգաս, որ քեզ հավերժ կհիշեն և կհարգեն։ Չորս ամիս մենք մեր ողջ ուժը կտանք այս խորհրդանիշի և մեր նպատակի համար։
Հավերժական հարգանք և սեր «Մանչեսթեր Յունայթեդի» և նրա հրաշալի երկրպագուների նկատմամբ։ Հավերժ «կարմիր սատանա»», — գրել է Կազեմիրոն։
Կազեմիրոն միացավ «Մանչեսթեր Յունայթեդին» 2022 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալից»։ Երեքուկես տարվա ընթացքում կիսապաշտպանը մանկունյացիների կազմում անցկացրել է 146 պաշտոնական խաղ, խփել 21 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։






































