Եթե այս տեմպերով ուղևորափոխադրումների աճը շարունակվի, մենք ընդհանրապես էլ ժամանակ չունենք, իսկ դա թանկացնում է այդ ծառայությունները, որովհետև ինքնաթիռը օդում երկար է սպասում, մի կրուգ ավել է տալիս և այլն։ Այս մասին այսօր՝ հունվարի 22–ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք հուլիսի վերջ օգոստոսի սկիզբ ունենք մի շատ ծանր ընթացք, որովհետև իրոք և քաղաքացիներն են դժգոհում, և օդանավակայանը չի ուզում, որպեսզի իր սերվիսի որակը դրա պատճառով ընկնի։ Այս իմաստով, ես կարծում եմ մեր շահերը նույնն են, և երկրորդ տերմինալի կառուցման ամենա սեղմ ժամկետները պիտի պայմանավորվենք, որպեսզի արագ այդ հարցը լուծենք։ Հակառակ դեպքում և օդանավերի համար, և ուղևորափոխադրումների համար արդեն ունենք պրոբլեմներ»,–ասաց նա։
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն էլ նշեց. «2025 թվականին բավականին մեծ ուղևորահոսք է գրանցվել միջազգային օդանավակայաններում, այն կազմելով 5.754.000 մարդ, որը 7.5%-ով ավելին է 2024–ի ցուցանիշներից։ Իսկապես անհրաժեշտություն կա ենթակառուցվածքը ընդլայնելու և ԻԱՏԱ-ի կողմից սահմանված օպտիմալ մակարդակի սերվիս ապահովելու»։






































