Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանին գաղտնալսելու համար։ Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը ապօրինի խախտելու առիթով։ Իրականում հիշում եք, 2025թ. հոկտեմբերի 17-ին civic.am֊ն հրապարակել էր մի նյութ, որտեղ նշվել էր՝ «Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը»
Նույն աղբյուրում հրապարակվել է նաև հեռախոսային խոսակցության ձայնագրություն։
Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով հավաք անցկացնելուն․․․ հարկադրելը․․․): 2025թ․ հոկտեմբերի 22-ին հաղորդում եմ ներկայացրել՝ խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցության գաղտնիությունը ապօրինի խախտելը): Ինչպես և սպասվում էր, 29.10.2025թ․ Քննչական կոմիտեն մերժել է քրեական վարույթ նախաձեռնելը, իսկ դրա դեմ բերված բողոքը 18.11.2025թ․, իր հերթին, մերժել էր ՀՀ գլխավոր դատախազությունը: Իրավապահ մարմիններին ընդհանրապես չի հետաքրքրել, որ հեռախոսային խոսակցության նշված ձայնագրությունը կատարվել է գաղտնի և ամենայն հավանականությամբ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոցներ օգտագործելով, քանի որ միայն այդ կերպ էր հնարավոր երեք տարբեր անձանց հեռախոսային խոսակցությունները ձայնագրել։ Տարբերակելի է նաև, որ այդ խոսակցությունները հետագայում մոնտաժված և փոփոխված լինեն: Գլխավոր դատախազության մերժումը ստանալուց հետո բողոք եմ ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (դատավոր՝ Ա. Մելիքսեթյան): Դատարանի որոշմամբ բողոքը բավարարվել է, և վարույթի հանրային մասնակցին հարկավորեցվել է նախաձեռնել քրեական վարույթ: Դատարանը նշել է, որ «առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուստի քննիչը պարտավոր էր քրեական վարույթ նախաձեռնել և ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը»:






































