Համաշխարհային զբոսաշրջությունը 2025 թվականն ավարտել է որպես իր պատմության մեջ լավագույն տարի՝ ունենալով 10 տրիլիոն եվրոյի ընդհանուր ներդրում, ինչը կազմում է համաշխարհային տնտեսության 10,3%-ը և 6,7%-ով ավելի է, քան նախորդ տարի։
Ճանապարհորդությունների և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի (WTTC) տվյալներով՝ ոլորտն աշխատանքով է ապահովում մոլորակի յուրաքանչյուր երրորդ աշխատողին. «Եթե մենք երկիր լինեինք, ապա կդառնայինք աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը»,— ընդգծել է կազմակերպության նախագահ և գլխավոր տնօրեն Գլորիա Գևարան։
2025 թվականի ընթացքում ավելի քան 1,5 միլիարդ մարդ ճանապարհորդել է արտերկիր, ինչը 80 միլիոնով ավելի է, քան 2024-ին։ Օրական գրանցվել է միջինը 219,000 միջազգային ժամանում, ինչը համաշխարհային մասշտաբով հաստատում է ոլորտի լիակատար վերականգնումն ու դինամիկան, հայտնում է Euronews-ը։
Եվրոպայում զբոսաշրջության ներդրումը հասել է 2,5 տրիլիոն եվրոյի, ինչը կազմում է տարածաշրջանի ՀՆԱ-ի 10%-ը։ Աճը տարեկան կտրվածքով կազմել է 5,1%, իսկ 2019 թվականի՝ մինչհամավարակային վերջին տարվա համեմատ՝ 11,6%։ «Մենք ավելի լավ վիճակում ենք, քան մինչև համավարակը և ավելի լավ, քան 2024 թվականին»,— շեշտել է Գևարան։
Ռեկորդային է եղել նաև Իսպանիայի ցուցանիշը։ Ըստ WTTC-ի գնահատականների՝ 2025 թվականին երկիրն ընդունել է 96,5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 2,87%-ով ավելի է, քան նախորդ տարի։
Զբոսաշրջության համախառն տնտեսական ազդեցությունը, ներառյալ ուղղակի, անուղղակի և հարակից ծախսերը, կազմել է մոտ 260 միլիարդ եվրո, ինչը 4,7%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ, ոլորտն արդեն ապահովում է Իսպանիայի ՀՆԱ-ի 16%-ը և զբաղվածություն է տալիս 3,2 միլիոն մարդու։ Զբոսաշրջության աճը համատարած է եղել աշխարհի բոլոր երկրներում՝ մեկ բացառությամբ. դա ԱՄՆ-ն է, որտեղ օտարերկրյա զբոսաշրջիկների ծախսերը տարվա ընթացքում նվազել են մոտ 16,3 միլիարդ եվրոյով։
Գլորիա Գևարան ընդգծել է Իսպանիայի դերը՝ որպես համաշխարհային զբոսաշրջության հիմնասյուներից մեկի և մի երկրի, որտեղ տեղակայված են ոլորտի երկու գլխավոր կազմակերպությունները՝ պետական «ՄԱԿ Զբոսաշրջությունը» և հենց ինքը՝ WTTC-ն։
Այս համատեքստում նա պաշտպանել է պետական-մասնավոր գործընկերությունների ամրապնդումը՝ ոլորտի առջև ծառացած նոր մարտահրավերները լուծելու համար, մասնավորապես՝ միջազգային ճանապարհորդական շարժունակության ոլորտում և կոչ է արել վերացնել երկրների միջև ճանապարհորդելիս իրավական խոչընդոտները և ավելորդ ձևականությունները։
WTTC-ն նաև տարածք է փնտրում Մադրիդում կենտրոնակայան հիմնելու համար և ձևավորում է մոտ 35 հոգուց բաղկացած միջազգային թիմ՝ ամրապնդելով Իսպանիայի մայրաքաղաքի դերը՝ որպես գլոբալ զբոսաշրջության ոլորտում որոշումների կայացման գլխավոր կենտրոն։





































