Ռուսաստանը կամ Թուրքիան TRIPP–ի բիզնես պրոյեկտի մասնակից չեն, անհնար է այստեղ տեսնել «միջանցք». Ռուբինյան

Եթե նկատի ունեք Ռուսաստանի կամ Թուրքիայի կողմից TRIPP–ի բիզնես պրոյեկտի մասնակից լինելը, նման քննարկում չկա։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Տեսել եք օրերս հրապարակվել է նաև փաստաթուղթը, թե ինչ սկզբունքներով է ստեղծվելու Թրիփ ընկերությունը։ Հիշեցնեմ՝ դա հայ-ամերիկյան ընկերություն է, ոչ հայ-ամերիկյան և այլ ինչ-որ երկրյան և այս առումով այլ երկրի մասնակցություն չի նախատեսվում։ Բայց եթե խոսում ենք ավելի լայն Թրիփ ծրագրից օգուտներ քաղելու մասին, այստեղ իհարկե օգուտներ քաղելու է և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Վրաստանը, և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, և՛ միջինասիական երկրները, և՛ եվրոպական երկրները, և այսպես շարունակ։ Թրիփի գործարկման և ապաշրջափակման արդյունքում, օրինակ, Հայաստանը երկաթգծային կապ է ստանում Իրանի հետ, Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Թուրքիայի հետ և այսպես շարունակ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պնդում է, որ սա իրականում միջանցք է, որից շահելու են միայն Ադրբեջանն ու Թուրքիան և Հայաստանը պետք է գոնե 51 տոկոս ստանար այդ ընկերությունում, իսկ 26 տոկոսը Հայաստանին նետված կռճոն է, Ռուբինյանն ասաց. «Ցանկացած կարդալ իմացող մարդ կարող է կարդալ հրապարակված փաստաթուղթը, իսկ դա փաստաթուղթ է այն մասին, որ միջանցք չի լինելու։

Հիշեցնեմ, թե ինչի մասին են եղել մտահոգությունները վերջին հինգ տարվա ընթացքում։ Հիմնական երեք թեմայի շուրջ են դրանք եղել. Արդյոք անվտանգությունը ապահովելու է երրորդ երկիր, թե ոչ, արդյոք լինելու են համապատասխան անցագրային և մաքսային ընթացակարգեր, և հայ սահմանապահներ լինելո՞ւ են, թե չեն լինելու։ Այս փաստաթղթով հստակ սևով սպիտակի վրա գրված է, անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է, որ համապատասխան անձնագրային և և մաքսային ընթացակարգեր լինելու են, սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները և այլ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային և մաքսային տեղերում։ Ու մի հազար անգամ գրված է, որ ամեն ինչ տեղի է ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ Հատկապես կասկածամիտների համար գրված է, որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու։ Հետևաբար անհնար է այստեղ միջանցք տեսնել»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031