Եվրոպական հանձնաժողովը քննարկում է ԵՄ անդամակցության համակարգի բարեփոխման նախնական առաջարկները: Ծրագիրը նախատեսում է երկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, հաղորդել է Financial Times (FT)-ը՝ հղում կատարելով պաշտոնյաներին։
Պաշտոնյաների խոսքով՝ նախաձեռնությունը մտահոգություններ է առաջացրել ԵՄ որոշ կառավարությունների շրջանում, որոնք զգուշանում են «հեշտ ընդլայնման» մոտեցումից, որը կարող է հեռահար հետեւանքներ ունենալ ամբողջ դաշինքի համար: Քննարկվող առաջարկների համաձայն՝ Ուկրաինան կկարողանա միանալ ԵՄ-ին, բայց սկզբում կունենա սահմանափակ որոշումներ կայացնելու լիազորություններ: Մասնավորապես, պաշտոնյաները նշել են, որ Կիեւին կարող է չտրամադրվել սովորական քվեարկության իրավունքը գագաթաժողովներում եւ նախարարական հանդիպումներում: Միեւնույն ժամանակ, Ուկրաինան կարող է փուլային մուտք ունենալ ԵՄ միասնական շուկա, գյուղատնտեսական սուբսիդիաների եւ զարգացման հիմնադրամների հասանելիություն՝ պաշտոնական անդամակցությունից հետո որոշակի պարտավորություններ կատարելուց հետո, ինչը նշանակում է շեղում 1993թ․ կանոններից, որոնք պահանջում էին բոլոր չափանիշների լիարժեք պահպանում անդամակցությունից առաջ:
«Կանոնները գրվել են ավելի քան 30 տարի առաջ։ Եվ դրանք պետք է ավելի ճկուն լինեն։ Սա պահ է, որը տեղի է ունենում մեկ սերնդի ընթացքում, եւ մենք պետք է օգտվենք դրանից»,- պարբերականը մեջբերել է եվրոպացի դիվանագետին։ Սակայն ԵՄ մի շարք երկրներ դեմ են ընդլայնման կանոնների փոփոխությանը եւ երկաստիճան համակարգի ստեղծմանը՝ վախենալով խաթարել միության կայունությունը եւ բացասական հետեւանքներից մյուս թեկնածու երկրների համար, նշել է FT-ն։ «Հնարավոր են բազմաթիվ չնախատեսված հետեւանքներ»,- նշել է մեկ այլ աղբյուր։
Դեկտեմբերի 31-ին եվրոպական Politico պարբերականը հաղորդել էր, որ Ուկրաինան չի կարողացել առաջընթաց գրանցել 2025թ․ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ, չնայած Բրյուսելի կոչերին՝ արագացնել բարեփոխումներն օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։






































