Իլոն Մասկի Grok ընկերությունը ուրբաթ հայտնել է, որ աշխատում է իր արհեստական բանականության գործիքի թերությունները շտկելու ուղղությամբ, այն բանից հետո, երբ օգտատերերը հայտնել են, որ այն երեխաների կամ կանանց լուսանկարները վերածում է էրոտիկ պատկերների, հաղորդել է AFP-ն։
«Մենք հայտնաբերել ենք անվտանգության թերություններ եւ շտապ լուծում ենք դրանք։ CSAM-ը (երեխաների սեռական բռնության նյութեր) անօրինական է եւ արգելված»,- նշվել է ընկերության X սոցցանցի հայտարարությունում։
Խնդիրների մասին բողոքները սկսել են հեղեղել X-ը այն բանից հետո, երբ Grok-ը դեկտեմբերի վերջին ավելացրել է «խմբագրել պատկերը» կոճակը։ Կոճակը թույլ է տալիս օգտատերերին հարթակում փոփոխել ցանկացած պատկեր. բողոքների համաձայն՝ որոշ օգտատերեր ընտրում են մասամբ կամ ամբողջությամբ հեռացնել լուսանկարներում կանանց կամ երեխաների հագուստը։
Մասկի գլխավորած xAI-ը AFP-ի հարցմանը պատասխանել է կարճ, ավտոմատ պատասխանով. «Հիմնական լրատվամիջոցները ստում են»։
Grok չատբոտը, սակայն, պատասխանել է X օգտատիրոջը, որը կապ է հաստատել այս հարցի վերաբերյալ այն բանից հետո, երբ նրան ասել են, որ ընկերությունը կարող է քրեական հետապնդման ենթարկվել Միացյալ Նահանգներում՝ մանկական պոռնոգրաֆիայի ստեղծմանը գիտակցաբար նպաստելու կամ դրա տարածումը կանխել չկարողանալու համար։
Հնդկական լրատվամիջոցները ուրբաթ հաղորդել են, որ կառավարության պաշտոնյաները պահանջում են, որ X-ը անհապաղ տրամադրի մանրամասն տեղեկատվություն այն միջոցառումների մասին, որոնք ընկերությունը ձեռնարկում է Grok-ի կողմից ստեղծված «անպարկեշտ, մերկ, եւ սեռական բնույթի կոնտենտը» հեռացնելու համար՝ առանց դրանցում պատկերված անձանց համաձայնության։
Միեւնույն ժամանակ, Փարիզի դատախազությունը ընդլայնել է X-ի նկատմամբ իր հետաքննությունը՝ ներառելով նոր մեղադրանքներ, որ Grok-ը օգտագործվել է մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու եւ տարածելու համար։
X-ի նկատմամբ նախնական հետաքննությունը սկսվել է հուլիսին՝ այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ սոցիալական ցանցի ալգորիթմը մանիպուլացվել է արտաքին միջամտության նպատակով։ Վերջին ամիսներին Grok-ը քննադատության է ենթարկվել բազմաթիվ վիճահարույց հայտարարությունների համար՝ սկսած Գազայի պատերազմից եւ հնդկա-պակիստանյան հակամարտությունից մինչեւ հակասեմական դիտողություններ եւ Ավստրալիայում տեղի ունեցած մահացու կրակոցների մասին ապատեղեկատվության տարածումը։






































