Հանրայինի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ամփոփել է 2025 թվականը: Ի թիվս այլնի՝ նրանից հետաքրքվել են ԱՆԻՖ-ում կատարվածի մասին, սակայն, պարզվում է, Տիգրան Ավինյանը չի կարծում, թե ԱՆԻՖ-ին վերաբերող հարցերն իրեն պետք է ուղղել, գրում է 168.am–ը։
«Կարծում եմ՝ էդ հարցն ինձ պետք չէ ուղղել. ես էդտեղ շատ կոնկրետ մոտեցում, դիրքորոշում ունեմ: Ես չեմ կարծում, որ ԱՆԻՖ-ում կար կոռուպցիա, ես վստահ եմ, որ ԱՆԻՖ-ում չկար կոռուպցիա։ ԱՆԻՖ-ը բիզնես-տրամաբանություն ուներ, երբ խոսում են գումարի մասին, որ դա իսպառ չքվել է, դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է նա։ Հիշեցնենք՝ Ավինյանը նախկինում փոխվարչապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում ու ԱՆԻՖ-ում կոռուպցիոն սկանդալում նաև նրա անունն էր շոշափվում:
Վերջինի մասին մեկ դրվագ միայն. «ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը»։
«Հետք»-ը ծավալուն հետաքննություն էր իրականացրել Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհու ընկերությանը ԱՆԻՖ-ի հիմնադրումից 8 օր անց 1.5 միլիարդ դրամ փոխանցված գումարի մասին: Եվ հենց այդ ընկերուհին է այժմ մեղադրյալներից մեկը: Ավելին, հիմնադրամը նաև 960 միլիոն դրամ հատկացրել էր Ավինյանի դասարանցու ընկերությանը: Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր հրապարակումների, ԱՆԻՖ-ով փոշիացված գումարի ծավալը շուրջ 25 միլիարդ դրամ է:
Հիշեցնենք նաև, որ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարաված: Վերջինս Փաշինյանին է մեղադրում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ձախողման մեջ:







































