Հայտարարում ենք նստացույց. ֆինանսական խարդախությունից տուժածները ՔԿ–ի մոտ նստացույց սկսեցին

Մի խումբ քաղաքացիներ, որոնք կիբերխարդախության զոհ են դարձել, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, հերթական բողոքի ակցիա են իրականացնում, այս անգամ ՀՀ քննչական կոմիտեի դիմաց։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չպետք է հանցագործությունների բացահայտումը կապել քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնման հետ. «Այս հանցագործությունները շատ նման են պատերազմի, փաստորեն օտարերկրյա հանցավոր կազմակերպությունների կողմից հարձակում է եղել ՀՀ քաղաքացների վրա, և վերջիններս տուժել են։ Այս դեպքում պետությունը ունի պատասխանատվություն, որը չի կանխարգելել այդ հանցագործությունները, ինչը համակարգային ձախողման հետեւանք է։ Նրանք պետք է կրեն պատասխանատվություն և որպես փոխհատուցում պետք է տրամադրվեն այդ գումարները։ ՔԿ–ն հայտարարել է, որ 2025–ին գտել են 4 հանցավոր խմբերի, որոնք էլի միջազգային կազմակերպություններ են եղել ՀՀ–ում և նմանատիպ հանցագործություններ են իրականացրել Հայաստանից։ Այդ գումարները բռնագանձել են։ Նրանք հայտարարում են, որ այդ գումարները իբրև փոխանցում են պետությանը որպես վնասի փոխհատուցում, բայց չեն պատասխանում հարցին, թե որքան վնաս է կրել պետությունը։ Վնաս կրողը մենք ենք և այդ գումարները պետք է տրամադրվեն մեր քաղաքացիներին»,–ասաց նա։

Ավելի ուշ Կարագոզյանը լրագրողներին հայտնեց. «Մենք հանդիպում ունեցանք, կարճ քննարկում ունեցանք քննչական կոմիտեի կիբերանվտանգության վարչության պետ պարոն Գրիգորյանի հետ։ Այո, ունենք խոստումներ գումարների վերադարձի հետ կապված, սակայն չունենք հստակ ժամկետներ։ Եվ մենք այստեղից չենք գնալու, այս պահից սկսած հայտարարում ենք նստացույց, մինչև մենք չլսենք ժամկետները։ Մինչև աշխատանքային ժամի ավարտը, հայտարարում ենք նստացույց և նստացույցերը կշարունակվեն, եթե հստակ օր և ժամկետ չնշվի»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031