Կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Սերժ Ավետիքյանը տեղեկացրել է, որ ֆրանսիացի գործընկերները հետաքրքրված են Հայաստանում համատեղ ֆիլմարտադրության իրականացմամբ՝ ներկայացնելով հայ-ֆրանսիական հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերը:

Այս համատեքստում Դանիել Դանիելյանը ներկայացրել է ֆիլմարտադրության ոլորտում 2025 թվականից գործարկված ներդրումների մասնակի վերադարձի գործընթացը՝ ընդգծելով համատեղ նախագծերի աջակցության և խրախուսման՝ պետության պատրաստակամությունը. «Ֆիլմարտադրության ոլորտում արված այս կարևոր քայլը նպաստում է պրոդյուսերների և ներդրողների, ոլորտի մասնագետների ներգրավմանը՝ խթանելով միջազգային կինոնախագծերի նկարահանումները, միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների հետ համագործակցությունը, մասնագիտական նոր տեխնիկայի ներմուծումը: Ֆիլմարտադրության համար Հայաստանի բնակլիմայական պայմանները և աշխատաշուկան նպաստավոր են, և ոլորտի համար դրանք ապահովում են մեծ գրավչություն»:

Քննարկման ընթացքում կողմերը փաստել են նաև, որ նմանօրինակ համագործակցությունները հնարավորություն կընձեռեն ճանաչելի դարձնել և ապահովել Հայաստանի պատշաճ դիրքավորումը միջազգային կինոհարթակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կինոոլորտի կրթության հայ-ֆրանսիական նախագծեր, մասնավորապես՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի համագործակցությամբ: Սերժ Ավետիքյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում են ֆրանսերենով դասընթացներ՝ մոնտաժի, սցենարի, ռեժիսուրայի մասնագիտությունների ուղղությամբ: Դասընթացներն անցկացնելու են Ֆրանսիայից և Շվեյցարիայից ժամանած հեղինակավոր մասնագետները:

Հաջորդիվ Սերժ Ավետիքյանը ներկայացրել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համագործակցությամբ նոր թատերական նախագծի իրականացմանն առնչվող մանրամասները՝ նշելով, որ համատեղ նոր նախաձեռնությունը միտված է Հակոբ Պարոնյանի ստեղծագործական ժառանգության արժևորմանն ու հանրահռչակմանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031