Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում՝ Մոսկվայում վայրէջքի թույլտվություն չստանալուց հետո: ACJ319 ինքնաթիռը մոտ մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրա՝ սպասելով վայրէջքի հնարավորության, բայց, ի վերջո, ուղարկվել է «Պուլկովո» օդանավակայան, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Ավիահաղորդակցության խափանման պատճառը դարձել է Մոսկվայի տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերջին շրջանի խոշորագույն հարձակումներից մեկը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզում խոցել են 32 ԱԹՍ։ Ըստ բնակիչների՝ պայթյուններ են լսվել Զելենոգրադում, Ռամենսկոյեում, Օդինցովոյում և Դուբնայում։






































