Իսրայելը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում Գազայի հատվածի Ռաֆահի տարածքում գտնվող ստորգետնյա թունելներում հայտնված ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալների ճակատագրի շուրջ: Նրանք հայտնվել են Իսրայելի գծից այն կողմ, երբ Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողություն է հաստատել այդ տարածքի նկատմամբ՝ խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակներում: Ծրագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի առաջին կեսին։
Իսրայելի և Միացյալ Նահանգների տվյալներով՝ այնտեղ կա մոտ 200 զինյալ: Վաշինգտոնը պնդում է, որ Իսրայելը զինյալներին ապահովի փախչելու անվտանգ ուղի, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար սա կլինի չափազանց ոչ ժողովրդական քայլ իսրայելցիների աչքում և վտանգավոր ազդանշան, որ նա զիջում է ԱՄՆ-ի ցանկացած ճնշմանը։
ՀԱՄԱՍ-ը զինյալների իրավիճակը հաստատել է միայն անցյալ շաբաթ և այժմ կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրանց ազատ արձակելու համար։
Դեռևս պարզ չէ, թե արդյոք ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը որևէ կապ ունի՞ թունելներում գտնվող մարդկանց հետ, նրանց ջրի և սննդի պաշարների վիճակը նույնպես անհայտ է։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ զինյալները փորձում են փախչել թունելներից և կորուստներ են կրում: Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ անցյալ շաբաթ սպանվել է 20 զինյալ, ութը՝ գերի է վերցվել։
ԱՄՆ-ի, Իսրայելի և միջնորդների միջև այս հարցի շուրջ բանակցություններում երբեմն հաջողվում է մոտենալ համաձայնության, ապա՝ կրկին հայտնվում է փակուղի։
BBC-ն, հղում անելով բանակցություններին տեղյակ աղբյուրներին, նշում է, որ ստեղծված իրավիճակը հստակ օրինակ է այն բանի, թե ինչ կարող է պատահել Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի հետ՝ իր անորոշ ձևակերպումներով և օպերատիվ իրավիճակում անկանխատեսելի զարգացումներով։
Երուսաղեմում գտնվող BBC-ի աղբյուրները հայտնում են, որ թունելներում հայտնված զինյալների ճակատագրի շուրջ բանակցություններում իրավիճակը վերջերս սրվել է։ Թրամփի վարչակազմի համար սա լիովին անսպասելի խոչընդոտ է, որը դժվար էր կանխատեսել, բայց որը սպառնում է խափանել Ամերիկայի նախագահի հավակնոտ խաղաղության ծրագիրը։
Դրանից խուսափելու փորձով Դոնալդ Թրամփը նոյեմբերի 10-ին Իսրայել էր ուղարկել «ծանր հրետանի»՝ իր փեսա Ջարեդ Քուշներին, որին որոշ իսրայելցի ընդդիմադիր քաղաքական գործիչներ սկսել են անվանել «Իսրայելի ժամանակավոր վարչապետ»։
Իսրայելի հանրային հեռարձակող KAN-ի փոխանցմամբ՝ Քուշները կոչ է արել իսրայելցի դաշնակիցներին զերծ մնալ զինյալներին վերացնելուց։
Իր ազգականին ուղարկելով՝ Թրամփը Նեթանյահուին հիշեցրել է խաղաղության ծրագրի հաջողության հանդեպ իր անձնական շահագրգռվածության մասին։
Այնուամենայնիվ, որոշ իսրայելցի փորձագետներ կարծում են, որ Թրամփի խաղաղության ծրագիրը կարող է ձախողվել ոչ թե թակարդում հայտնված զինյալների, այլ այն պատճառով, որ այն գրվել է արագ դիվանագիտական հաղթանակի, այլ ոչ թե տեղում երկարաժամկետ իրականացման համար։
Օրինակ, 20 կետանոց խաղաղության համաձայնագիրը համաներում է խոստանում ՀԱՄԱՍ-ի զինյալներին, որոնք կհամաձայնեն զենքերը վայր դնել։ Սակայն, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, թակարդում հայտնված զինյալները մի քանի անգամ բախվել են իսրայելական զորքերի հետ, որի արդյունքում կան զոհեր:
Ինչպե՞ս են նրանք դուրս գալու իրենց թաքստոցներից, եթե Իսրայելը նրանց միջանցք տրամադրի՝ զինված, թե՞ անզեն։
Եթե զինված լինեն, ի՞նչ հիմքով պետք է Իսրայելը երաշխավորի նրանց անձեռնմխելիությունը։
Ամերիկյան կողմը այս հարցերին հստակ պատասխաններ չունի։ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, ակնկալում է, որ թակարդում հայտնված զինյալները վայր կդնեն զենքերը, և սա կլինի առաջին քայլը դեպի Գազայի հատվածի ապառազմականացումը, ինչպես նախատեսված է ծրագրում։
Զինյալների հետ կապված իրավիճակը պետք է ծառայի որպես մոդել, թե ինչպես է իրականացվելու խաղաղության ծրագիրը, ասել է Թրամփի Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Նա հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է զինաթափվել, և որ ժամանակն է սկսել պահել խոստումը։
Իսրայելը որոշ չափով զարմացած է իր ամերիկացի գործընկերների միամտությամբ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ, որը ոչ միայն չի ձեռնարկում որևէ քայլ զինաթափման ուղղությամբ, այլև, ընդհակառակը, ամրապնդում է իր ներկայությունը Գազայի հատվածի փողոցներում և իրականացնում հրապարակային մահապատիժներ։
ՀԱՄԱՍ-ն ինքն էլ հայտարարել է, որ չունի հանձնվելու մտադրություն։
«Թող թշնամուն իմանա, որ «հանձնվել» բառը գոյություն չունի «Ալ-Քասամի բրիգադների» բառապաշարում»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի զինված թևի՝ «Իզեդին ալ-Քասամի բրիգադների» կողմից շաբաթվա ընթացքում տարածված հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ, այս հայտարարությունից պարզ չէ, թե արդյոք այն վերաբերո՞ւմ է տեղական իրավիճակին՝ թակարդում գտնվող մոտ 200 զինյալին, թե՞ խմբի հիմնարար որոշմանը՝ ընդհանրապես չհանձնվել։
Ամեն դեպքում, Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը փլուզվում է, ասում են իսրայելցի և միջազգային փորձագետները։
Փորձագետները կարծում են, որ չնայած 20 կետանոց ծրագիրը իսկապես հանգեցրել է բռնության անհապաղ դադարեցման, այն սպասումները, որ այն կապահովի երկարատև խաղաղություն, վտանգավոր կերպով սխալ են:Ծրագիրը լի է հիմնարար թերություններով, որոնք բազմիցս երկու կողմերին էլ հասցրել են նոր ռազմական գործողությունների եզրին և երկարաժամկետ հեռանկարում լավ նախանշան չեն։
Բենիամին Նեթանյահուի քննադատները և Իսրայելի ընդդիմությունը Գազայի պատերազմի սկզբից ի վեր պնդում են, որ նրա բոլոր գործողությունները հիմնականում պայմանավորված են իշխանությունը պահպանելու և ծայրահեղ աջ կոալիցիայի փլուզումը կանխելու նրա ցանկությամբ։ Արդարության համար պետք է ասել, որ Նեթանյահուն համաձայնել է Թրամփի խաղաղության ծրագրին հենց այն պատճառով, որ ռիսկի էր դիմում կորցնել իր կաբինետը, որի մի շարք նախարարներ պահանջում էին, որ պատերազմը շարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը։
ԱՄՆ-ն վստահեցրել է, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափման փուլը կհետևի անմիջապես այն բանից հետո, երբ խումբը կատարի իր պարտավորությունը և բոլոր պատանդներին վերադարձնի Իսրայելին։
Այս պայմանը գրեթե կատարվել է. ևս երկու դիկ պետք է վերադարձվի, ինչը նշանակում է, որ համաձայնագրի երկրորդ փուլը անխուսափելի է, բայց ոչ մի կողմ, բացի ԱՄՆ-ից, չի շտապում առաջ շարժվել դրանով։ Երկրորդ փուլը, ըստ էության, պահանջում է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնվի, մինչդեռ Իսրայելը պարտավոր է սկսել լիակատար դուրսբերումը Գազայի հատվածից և հրաժարվել իրավիճակի վերահսկողությունից։
Իսրայելի կառավարության համար արդեն իսկ դժվար ներքաղաքական փուլում ԱՄՆ-ն առաջարկում է (և, որոշ աղբյուրների համաձայն, նույնիսկ պահանջում է), որ հարյուրավոր զինյալներ ազատ արձակվեն թունելներից և թույլ տրվի նրանց փախչել։
Իսրայելի համար սա ազգային անվտանգության հարց է, նշում են իսրայելական հետախուզական գործակալությունները, քանի որ տպավորություն է, թե Իսրայելը հեշտությամբ համաձայնում է ԱՄՆ-ի ցանկացած առաջարկին:
Եգիպտացի միջնորդները ենթադրում են, որ ներկայիս փակուղուց դուրս գալու ելքը կարող է լինել 200 զինյալի զենքը վայր դնելը, և Իսրայելի կողմից նրանց ազատ արձակումը այն պայմանով, որ նրանք արտաքսվեն Գազայի հատվածից երրորդ երկիր, սակայն Իսրայելը այս կիսատ-պռատ միջոցառումը համարում է անիմաստ և նույնիսկ վտանգավոր, քանի որ այն կամրապնդի ՀԱՄԱՍ-ի բջիջներն արտասահմանում։
Իսրայելցի քաղաքական գործիչների խոսքով՝ թակարդում հայտնված խմբի զինաթափումը կարող է դիտվել միայն որպես Գազայի ընդհանուր ապառազմականացման ծրագրի մի մաս, այլ ոչ թե որպես դժվարին իրավիճակի միակ լուծում։
Մի քանի օր առաջ Իսրայելի իշխանությունները, ըստ որոշ տեղեկությունների, զինյալներին առաջարկել են անարգել դուրս գալ թունելներից և հետագայում տեղափոխել իսրայելական բանտեր։ Այս առաջարկը նաև նշում էր, որ Իսրայելը չի բացառի նրանց հետագա տեղափոխման հնարավորությունը Գազայի հատված, եթե որոշակի պայմաններ բավարարվեն։ Թե ինչ պայմաններ են դրանք, մնում է անհասկանալի։
Այս առաջարկը չի ընդունվել։ Այդ ժամանակից ի վեր զինյալները մի քանի հարձակում են իրականացրել Իսրայելի պաշտպանության բանակի դեմ։
Շաբաթվա ընթացքում տարածված հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին հրադադարը խախտելու մեջ՝ նշելով, որ հետապնդում, վերացնում և կալանավորում են Ռաֆահի թունելներում հայտնված դիմադրության մարտիկներին։
Ի պատասխան՝ Իսրայելը ակնարկում է, որ կարող է դուրս գալ Գազայի հետ կապված հիմնական հարցերից մեկի՝ հատվածում վերակառուցման աշխատանքների ֆինանսավորման շուրջ բանակցություններից, մինչև բոլոր թունելների և հրթիռային հարթակների ապամոնտաժումը։






































