Նոյեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին նվիրված համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով։
Այս տարի քարոզարշավը կրում է «Միավորենք մեր ջանքերը՝ հանուն անվտանգ թվային միջավայրի» խորագիրը, որը համահունչ է ժամանակակից մարտահրավերներին՝ ընդգծելով թվային անվտանգությունը` որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ։
Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ այս խորհրդանշական օրը ևս մեկ հնարավորություն է ոչ միայն բարձրաձայնելու կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության առաջնահերթության մասին, այլև ընդգծելու այդ ուղղությամբ միասնական ու համակարգային աշխատանքի անհրաժեշտությունը. «Անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք ու արդյունավետ համակարգ, եթե հասարակությունում բացակայեն հանդուրժողականությունն ու համերաշխությունը։ Ցավոք, մինչ օրս շարունակում են լայն տարածում ունենալ գենդերային հիմքով բռնության տարբեր դրսևորումներ, ներառյալ` կանանց և աղջիկների նկատմամբ հոգեբանական, տնտեսական, սեռական և բռնության այլ տեսակները։ Շեշտում եմ՝ խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ: Խնդիրը շատ ավելի խորքային է, և մարդիկ հաճախ չեն էլ ճանաչում բռնության տեսակներն, արդյունքում` չեն էլ պայքարում բռնության դեմ»։
Անդրադառնալով ոլորտի համակարգային բարելավման անհրաժեշտությանը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մարդու իրավունքների կրթության զարգացումը՝ նշելով, որ կրթական միջավայրում սերմանվող արժեքները կարող են առանցքային դեր խաղալ կարծրատիպերի հաղթահարման, հավասարության ընկալման խորացման և բռնության կանխարգելման գործում։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։
Միջոցառումն իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում և Եվրոպական միության աջակցությամբ։





































