Ոչ մեկի մոտ հարց չի ծագել՝ էս ի՞նչ ենք անում. Մարդիկ ստեղ աշխատեն, Մոնտե Կառլոյում վճարե՞նք. Փաշինյանը վրդովվեց

Միայն 2024 թվականին միանվագ ծննդյան նպաստ է տրվել 1450 այն երեխաներին, որոնք ՀՀ քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական ու մեր քաղաքացիական կացության ակտերում գրանցված չեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, կառավարության նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ նրանց տրվել է նաև ամսական 50–հազարական նպաստը։

«Երբ հասկացել ենք, փորձել ենք կարգավորել։ Այս հարցը կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ. ծննդից հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե կգան, կստանձնեն ՀՀ քաղաքացիություն, կստանան այդ գումարը, եթե չեն ստանձնի՝ չեն ստանա։ Նույնը վերաբերում է 50 հազար դրամներին` երրորդ և հաջորդ երեխայի դեպքում։ Եթե երեխան կգա, կգրանցվի, գրանցման պահից կստանա գումարը, մինչ այդ՝ չի ստանա։ Հուսով եմ՝ սա էլ կխթանի, որ մեր քաղաքացիները պատշաճ գրանցումներն ապահովեն»,-ասաց Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես չեմ հասկանում, ոչ մեկի մոտ հարց չի ծագո՞ւմ, մենք այդ գումարը Հայաստանից դուրս ենք տալիս, այսինքն մենք արտագա՞ղթ ենք ֆինանսավորում։ Այդպես է ստացվում։

Այսքան տարի, տասնյակ տարիներով այս գումարները գնացել են, ոչ մեկի մոտ հարց չի ծագել՝ էս ի՞նչ ենք անում։ Հիմա որ հաշվենք, պատկերացնո՞ւմ եք, քանի տասնյակ միլիարդ դրամ Հայաստանից դուրս է գնում»։

Թորոսյանն արձագանքեց, թե միայն միանվագ գումարներով՝ տարեկան 600 մլն դրամ։

«Չի կարելի ըտենց բան անել։ Եթե մարդն իրեն չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չի, ինչի՞ պետք է իրեն Հայաստանը վճարի։ Մարդիկ ստեղ աշխատեն, Մոնտե Կառլոյում վճարե՞նք։ Որ պահին այնպիսի հակափաստարկ ի հայտ կգա, որը մեզ կհիմնավորի, որ մենք սխալ ենք վարվում, մենք պատրաստ ենք դա վերանայել, բայց այս պահին նման հակափաստարկ չկա»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը հաշվարկեց, որ 30 տարում այդ ծրագրով 12 միլիարդ է տրվել. «Եկեք նայենք, թե քանի դպրոց, քանի մանկապարտեզ կարելի էր կառուցել կամ ինչքան ծառայություն կարելի էր դրանով մատուցել Հայաստանի Հանրապետությունում գտնվող մեր երեխեքին։ Իրենք էլ են մեր երեխեքը, բայց իրենք իրենց չեն համարում մեր երեխեքը»։

Թորոսյանն էլ հավելեց. «Եթե նրանք իրենց չեն համարում մեր մարդկային կապիտալ, իսկ այս բոլոր ծրագրերը մարդկային կապիտալի մասին են, ապա մենք չպետք է ֆինանսավորենք նման քաղաքացիներին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930