«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորումների մեջ նաև նշել է, որ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները ընթացակարգ են խախտել, երբ ընկերությունում չորս ամիս առաջ էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը:
Փաստաբան Վարդան Ալոյանը նշել է, թե ինչու պետք է Մեսրոպ Մեսրոպյանը չմասնակցի ՀԷՑ-ի լիցենզիայի հարցով որոշման ընդունմանը, այդ թվում՝ ցույց տալով այնպիսի կապեր, որոնք, «Տաշիր կապիտալի» հիմանվորմամբ, փաստում են, որ Մեսրոպյանը ինքնուրույն չի գործել, երբ որոշել է հենց Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ժամանակավոր կառավարիչ:
Փաստաբանը հիշեցրել է Փաշինյանի այն հայտարարությունը, որ սկզբնական փուլում վերցնելու են ՀԷՑ կառավարումը, հետո մնացածը։ Փաստաբանի հիմնավորմամբ, Մեսրոպյանը որպես կանխարգելիչ միջոցառում ընտրել է հենց այն տարբերակը, որի մասին արդեն հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, այն է՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնում ՔՊ-ական Պետրոսյանին նշանակումը, որ տեղի ունեցավ վարույթ հարուցելուն զուգահեռ՝ հուլիսին:
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը նշել է նաև, որ Մեսրոպյանը չի միջամտել, երբ Ռոմանոս Պետրոսյանը՝ արդեն որպես ՀԷՑ կառավարիչ, սկսել է ապատեղեկատվություն տարածել: Նշվել է նաև, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ունի խնամիական կապեր Սասուն Միքայելյանի հետ, ՔՊ անդամ է:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հարցը: Այս պահին հայտարարվել է ընդմիջում՝ բացարկի միջնորդությունը քննարկելու համար:






































