Սոցիալական ցանցերում օգտատերերը վերջին ժամերին ահազանգում են InecoBank բանկի քարտային հաշիվներից կրկնակի գումարների գանձման մասին։ «Մինչ գիշերը մարդիկ քնած են, պարզվում է, որ InecoBank-ը շարունակում է ակտիվ աշխատել ու կրկնակի գումարներ գանձել հաճախորդների քարտային հաշիվներից»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
Բողոքողների պնդմամբ՝ բանկը կրկնօրինակել է նախորդ օրերին կատարված գործարքները, ինչի պատճառով նույն գնումների դիմաց կրկնակի գումար է դուրս գրվել։
Ահազանգողներից մեկը գրում է, որ խնդիրն արդեն արձանագրել է իր հաշվում․ «Գումարը կրկնօրինակվել է։ Եթե ամսաթվին և ժամին ուշադիր չլինեք, կարող եք մտածել, որ դա նոր գնում է, մինչդեռ այդ վճարումն արդեն կատարված էր օրեր առաջ։ Ես դիմել եմ բանկին, բայց ասում են՝ պետք է ուսումնասիրեն»։
Նա նաև հավելում է, որ խնդիրը հատկապես կարող է հարվածել թոշակառուներին և տարեց մարդկանց, ովքեր հաճախ չեն ստուգում օնլայն հաշիվները․ «Շատերը չեն նկատի, որ նույն գումարը երկրորդ անգամ է գանձվել։ Իսկ այս ընթացքում մարդիկ կարող են մնալ առանց միջոցների։ Ես սա գնահատում եմ որպես թալան»։
Ահազանգում նշվում է նաև, որ եթե բանկը տեղյակ է նման տեխնիկական խնդիրների մասին, ապա պարտավոր էր նախապես տեղեկացնել հաճախորդներին՝ հավելվածի կամ SMS ծանուցմամբ: «Առավոտյան կարելի էր պարզապես գրություն ուղարկել, որ խնդիր է եղել, հայցում են ներողամտությունը և կշտկեն կամ եսիմ էն ինչ»,- նշել է օգտատերը:
Նշենք, որ Inecobank-ը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ բանկում ընթացող պրոցեսինգային համակարգերի բարելավման աշխատանքների ընթացքում սահմանափակ քանակի քարտային գործարքներ տեխնիկական պատճառներով սխալմամբ կատարվել են կրկնակի գումարով։
«Հաճախորդները որևէ ֆինանսական կորուստ չեն կրել․ գումարները պարզապես ժամանակավոր սառեցվել են նշված բարելավման աշխատանքների ընթացքում։
Խնդիրը նույնականացվել է և գտնվում է շտկման փուլում։ Կրկնօրինակ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն Ձեր հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ձեր կողմից որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ»,- նշված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ:





































