Մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, այդ երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Անգամ անկախությանը նախընթաց շրջանում մեր հարաբերությունների հիմքը եղել է կոնֆլիկտը։ Այս մասին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք անկախություն ենք ստացել կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ։ Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է ժամանակ առ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում՝ մամուլի, փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով, դրա հետ պետք է հարաբերվենք», — հայտարարել է նա:
«Պետք է լինել պատմության ոչ թե սպառող, այլ պատմության ստեղծող»,- հավելել է Փաշինյանը:
«Սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք պատմությունը, բայց չպետք է նաև դառնանք պատմությունը վերարտադրող»,-ասել է նա:
Նշենք, որ երեկ Ալիևը հայտարարել է, որ «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»:
								
								
															





































