Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի նիստում որոշում կայացրեց, որով հրաժարվում է «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող 1,357,600 հատ բաժնետոմսերի (յուրաքանչյուրը՝ 1000 դրամ անվանական արժեքով) ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվելուց։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի, Հայաստանի Հանրապետության, «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև 2024թ․ հունիսի 4-ին կնքված Բաժնետիրական համաձայնագրի դրույթներով։ Համաձայն որոշման՝ «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող 6,788,000 հատ, յուրաքանչյուրը՝ 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, ընդհանուր՝ 6,788,000,000 ՀՀ դրամ արժողությամբ բաժնետոմսերը ենթակա են փոխանցման «ՌԵՆՇԻՆ» ընկերությանը։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՌԵՆՇԻՆ» ընկերության ներկայացրած` Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստի» շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը։
Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Մեկնարկային փուլում կներդրվի շուրջ 211,553,497 մլն ԱՄՆ դոլար։ Ուղղակի ստեղծվող աշխատատեղերը կլինեն ոչ պակաս, քան 10.000 աշխատող:
Որոշմամբ Սարյան 22 հասցեում գտնվող շենքը կօտարվի հետևյալ սկզբունքով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ՝ 30.18 %, կառավարություն՝ 19.82 %,և ներդրող՝ 50%:






































