Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Լանջիկ բնակավայրի մոտակայքում 2023 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած ավտովթարի մասնակից-վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Հ.Պ.-ն, իր վարած «Զիլ — ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայով, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ինչի արդյունքում տեղի է ունեցել բախում «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի հետ՝ անզգուշությամբ առաջացնելով 12 մարդու մահ, 4 անձի առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Դատախազը 2024 թվականի մայիսի 31-ին վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճռով՝ Հ.Պ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով. նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 7 տարի 4 ամիս ժամկետով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031