Կմասնակցի՞ ԵՄ-ն TRIPP-ին. մեկնաբանում է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը

ԵՄ–ն ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունները և հանդիպումները, և մենք այդ ժամանակից ի վեր բոլոր հանդիպումներում և բոլոր հանրային միջոցառումների ժամանակ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու այս նախաձեռնություններին և այս տարածաշրջանում հաղորդակցություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Այսպիսով, մենք պատրաստ ենք օգտագործել մեր գործիքները ոչ միայն ձեր նշած նախագծի համատեքստում, այլև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռեւս երկու տարի առաջ։ Եվրոպական Միությունը մշտապես և հետևողականորեն աջակցել է խաղաղությանը այս տարածաշրջանում, և մենք շատ ուրախ ենք, որ խաղաղությունը գալիս է:

Իհարկե, կան բազմաթիվ մանրամասներ, որոնք պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք որպես Հայաստանի, հայ ժողովրդի, Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր՝ ձեզ այս ջանքերում աջակցելու համար:

Ինչ վերաբերում է 2.6 կամ 2.5 միլիարդ եվրո աջակցությանը, սա իսկապես շատ կարևոր պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք 2021 թվականի սկզբին: Հավանաբար հիշում եք, որ հուլիսի կեսերին տեղի ունեցավ նաև գագաթնաժողով և առաջնորդների հանդիպում: Վարչապետ Փաշինյանը այցելեց Բրյուսել, հանդիպեց նախագահ ֆոն դեր Լեյենի, նախագահ Կոշտայի հետ: Եվ այս հանդիպման ժամանակ մենք հայտարարեցինք, որ իրականացվող ներդրումները կհասնեն 2.5 միլիարդի։ Սրանք նախագծեր են, որոնք կամ արդեն իրականացվել են, կամ էլ ընթացքի մեջ են:

Օրինակ՝ Սիսիան–Քաջարան մայրուղին, այդ թվում թունելը կառուցումը այս նախաձեռնության մի մասն է: Սրանք բոլորը ներդրումներ են, որոնք մենք իրականացնում ենք ԵՄ բյուջեից, ՀՀ կառավարության կողմից վերցված վարկերից, ինչպես նաև «Եվրոպայի թիմ» ծրագրի շրջանակներում այլ գործընկերներից:

«Սյունիք» նախաձեռնությունը, որը մենք այսօր և վաղը ներկայացնելու ենք ձեզ, հենց այդ մեծ ջանքերի մի մասն է, որը ձեռնարկվել է այնտեղ:

Բայց դուք կտեսնեք նաև այս 2.5 միլիարդի մեջ, մենք ունենք նաև «Կանաչ Երևան» նախաձեռնությունը, 87 ավտոբուսները, որոնց ֆինանսավորմանը մենք օգնել ենք, ավելի քան 50 մանկապարտեզներ Երևանում, որոնք վերանորոգվել են, ինչպես նաև ներդրումները Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի կապի արդիականացման համար, ինչը շատ կարևոր է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի բացման և երկրում կանաչ էներգիայի ավելի շատ նախաձեռնությունների և ներդրումների իրականացման համար»,– հայտարարեց Մարագոսը։

Նա հայտարարեց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի, օրինակ՝ ֆոտովոլտային վահանակներով էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, և տարածաշրջանի ամբողջական բացումը, որը, հուսով են՝ տեղի կունենա ներկայիս խաղաղության գործընթացի համատեքստում. «Սա կստեղծի բազմաթիվ նոր հնարավորություններ: Եվ սրանք հնարավորություններ չեն միայն բիզնեսի համար: Սրանք հնարավորություններ են հայ ժողովրդի, Հայաստանի տնտեսության համար, նաև հայ աշխատողների և քաղաքացիների ավելի ու ավելի որակյալ զբաղվածության համար: Այսպիսով, սա մեր գործընկերության մի մասն է:

Մենք այստեղ չենք միայն աջակցություն ցուցաբերելու համար: Մենք այստեղ ենք՝ ձեզ հետ ուս ուսի կանգնելու, որպեսզի օգնենք Հայաստանին դառնալ ավելի դիմակայուն, ավելի անկախ, ավելի ինքնիշխան:

Ես կցանկանայի նաև նշել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին, որը դեռևս այստեղ է, որը մեծ աջակցություն է ցուցաբերել և ցույց է տվել Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության համար: Եվ սա եվրոպական ժողովրդի համերաշխության ևս մեկ նշան է Հայաստանի հանդեպ»,– ընդգծեց ԵՄ դեսպանը։

Հարցին՝ ԵՄ–ն պատրա՞ստ է մասնակցել «Թրամփի ուղի» նախագծին, Մարագոսը պատասխանեց. «Եվրամիությունը պատրաստ է մասնակցել այս տարածաշրջանում իրականացվող բոլոր ենթակառուցվածքային նախագծերին, և մենք կապի մեջ ենք Հայաստանի կառավարության, ինչպես նաև այլ գործընկերների հետ: Անցյալ շաբաթ ես Բրյուսելում էի՝ «Գլոբալ դարպասների ֆորումին» մասնակցելու։ Սա երկրորդ ֆորումն է, որը տեղի է ունեցել ամբողջ աշխարհի բազմաթիվ առաջնորդների, այդ թվում վարչապետ Փաշինյանի հետ, և մենք իրականում քննարկել ենք, թե ինչպես է Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի միջև ամբողջ կապը զարգանալու հաջորդ ժամանակահատվածում։ Սա կներառի ամբողջ տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը»։

Ինչ վերաբերում է այս նախագծերի վերաբերյալ հնարավոր ժամանակացույցին կամ վերջնաժամկետներին, ԵՄ դեսպանը նշեց. «Սա, ինչպես միշտ, շատ կախված է նախագծերի հասունությունից: Մենք կապի մեջ ենք տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, ինչպես նաև այլ գործընկերների հետ, որոնք պատրաստ են աջակցել ձեզ։ Եվ մենք շարունակելու ենք համագործակցել ձեզ հետ, երկրում գործող ընկերությունների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք իրականացնել և նաև օգնել ձեզ կարողությունների զարգացման հարցում, որը նույնպես շատ անհրաժեշտ է լինելու ավելի շատ երթևեկություն ապահովելու համար, այդ թվում՝ նոր ապրանքների և արժեքային շղթայի համար, որը անցնելու է Հայաստանով»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

- Այս թեմայով -