Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է Վրաստան այցելող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, հաղորդում է Գրուզիա Օնլայնը։
«Երեկ անօրինական հանրահավաքին մասնակցելու և նրա կողմից արված կեղծ հայտարարությունների պատճառով վարչապետը չեղյալ է հայտարարել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ նախատեսված հանդիպումը», — ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը մասնակցել է խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։ Վալտոնենը զրուցել է ցուցարարների հետ։ Ցուցարարների խոսքով՝ նրանք ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել են իրենց բողոքի ակցիայի բովանդակությունն ու ծրագրերը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ԵԱՀԿ գործող նախագահը այցելել է Երևան։ Նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։