Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել Եղեռնի հուշարձանի վերանորոգման հետ կապված, ինձ համար անհասկանալի է, թե ինչպես մեկ ճարտարապետ, որը չունի համապատասխան մասնագիտական փորձ, նույնիսկ նախագծի գլխավոր ճարտարապետ դարձել է ընդամենը մի քանի օր առաջ, նախագծում և վերանորոգում է Եղեռնի հուշարձանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
«Ես ակնկալում էի, որ Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների շուրջ կձևավորվի փորձագետների մի մեծ մասնագիտական խումբ, սակայն աշխատում է ընդամենը մեկ անձ։ Սաշուր Քալաշյանը նույնիսկ դուրս եկավ աշխատանքային խմբից մի քանի օր առաջ։ Ես ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչպիսի վիճակ է այսօր տիրում Եղեռնի հուշարձանում և ինչի այսքան շուտ հրատապ հրավիրեցի բոլորին, որպեսզի ներկայացնեմ ինչ է տեղի ունենում Եղեռնի հուշարձանի շուրջը»,–ասաց նա։
Թարխանյանը տեսանյութերով ցույց տվեց, թե ինչ վիճակէ տիրում հուշարձանում այս պահին՝ ասելով, որ մի մասում 12 աստիճաններից 4–ն ամբողջությամբ քանդվել են. «Սկզբից սկսեցին քանդել դրսի քարերը, որոնք չէին կարողանում պոկել պատերից։ Այնքան մեծածավալլ էին էդ քարերը, որ ր ինչ որ հնարավոր է եղել՝ պոկել են, մնացածը մնացել են երկաթբետոնի մեջ ամրակայված ու փորձում են հարթեցնել, որ դրա վրայից նոր աբլիցովկա անեն, դուք պատկերացնու՞մ եք։ Շուտով սկսվելու են անձրևները, որևէ աշխատանք տարված չի»։
Նա հիշեցրեց, որ Եղեռնի հուշարձանը պետության կողմից ճանաչվել է որպես պատմամշակույթային արժեք ունեցող հուշարձան։ Ժամանակին հայրս շատ մեծ կարևորություն է տվել Եղեռնի հուշարձանի հենց այս թեք մույթերի մեծ քարերով ձևավորմանը։ Դրանք անբաժանելի մասն են Եղեռնի հուշարձանի ողջ ծավալատարածական լուծման մեջ։ Այդ մեծածավալ քարերը իմաստավորված են եղել, հայրս դիտարկել է դրանք որպես հայ ժողովրդի ծանրացած այդ վիշտը, որ մենք ամեն մեկս կրում ենք։ Այդ քարերը այսօր պոկել երկաթբետոնե միջուկից գրեթե անհնար է»։
Թարխանյանը հայտարարեց, որ հաջորդ փուլում հսկա խրամատ են փորելու հուշարձանի շուրջը՝ մինչեւ 4 մետր խորությամբ. «Պատրաստվում են մոտավորապես Արփա–Սևան թունելի պես խրամատ փորել Եղեռնի հուշարձանի շուրջը։ Երբ սեպտեմբերի սկզբին ասում էի, որ պիտի է մույթերի քարերը պոկվեն, պետք է աստիճանները պոկվեն, կարծես չէին ուզում ընկալել, թե արհավիրքը ինչքան ծավալուն է։ Եղեռնի հուշարձանը պատմամշակութային հուշարձան է և իր շուրջը անփորձ, բազմաթիվ սխալներով իրականացված նախագծային աշխատանքը այսօր բոլորիս դնում է շատ լուրջ իրավիճակի մեջ»,–ընդգծեց Անահիտ Թարխանյանը։