ԱՍՀՆ-ն հանձնառու է տեղահանվածների սոցիալական պաշտպանությունն ապահովելու հարցում. Արսեն Թորոսյանի խոսնակն անդրադարձել է քաղաքացու ահազանգին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանն անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքյսա Գրիգորյանի գրառմանը, որում վերջինս պնդել էր, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քաոս է։

«Արձագանքելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակմանը՝ հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.

Նախ և առաջ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որևէ «քաոսային» իրավիճակ չկա. բնականոն կերպով շարունակվում են իրականացվել Կառավարության կողմից հաստատված բոլոր ծրագրերը: Նորանշանակ նախարարի պաշտոնավարման առաջին իսկ օրերից ընթանում է Նախարարության ներքին կառուցվածքի, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և գործառույթների արդյունավետության բարձրացման աշխատանք, որի նպատակն է բարելավել քաղաքացիների սպասարկման որակը:

Օգտատիրոջ կողմից բարձրացված հարցը վերաբերում է Ղարաբաղից տեղահանված անձանց մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատանքով ապահովման ծրագրին, ինչի առնչությամբ շահառու անձին և հարցով նախարարություն դիմած անձին տրվել է պատշաճ տեղեկատվություն` թե´ Նախարարության համապատասխան ստորաբաժանման, թե´ Միասնական սոցիալական ծառայության կողմից: Ավելին` շահառու անձը հրավիրվել է Միասնական սոցիալական ծառայություն, որտեղ վերջինիս տրվել է պատշաճ խորհրդատվություն` իրեն հետաքրքրող հարցերի շուրջ:

Տեղեկացնեմ նաև, որ բարձրացված հարցը կրում է տեխնիկական բնույթ և պայմանավորված է ծրագրի ֆինանսական հոսքերի վերաբաշխման անհրաժեշտությամբ, ինչն էլ կիրականացվի Կառավարության այսօրվա նիստի ընթացքում:

Միաժամանակ, ցավով եմ արձանագրում, որ նման հարցադրումները երբեմն ներկայացվում են ոչ թե խնդիրն օպերատիվ լուծելու նպատակով, այլ շատ հաճախ քաղաքական աղմուկ բարձրացնելու հստակ միտումով, ինչին և ականատես եղանք։

Նախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական պաշտպանությունն ապահովելու և զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու հարցում»,- գրել է Կոստանյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031