Վերջին օրերին Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ հարվածներ հասցնելիս կիրառել է միայն ուկրաինական զենք, ընդ որում, խոսքը միայն անօդաչու թռչող սարքերի մասին չէ, ասել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Դիկ Սխոֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եվ կարծում եմ, որ այդ հարվածների, սոցիալական ցանցերում տեղադրված հատվածների հիման վրա մենք կարող ենք հասկանալ, թե որտեղ են օգտագործվել անօդաչու թռչող սարքեր, և որտեղ՝ ոչ», — ասել է Զելենսկին՝ փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան։
Ուկրաինայի նախագահը չի մանրամասնել, թե անօդաչու թռչող սարքերից բացի էլ ինչ է կիրառվել հարվածների համար։ Նրա խոսքերը հնչել են ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ուկրաինան արդեն կիրառում է նոր «Ֆլամինգո» թևավոր հրթիռները Ռուսաստանի ուղղությամբ հարվածների համար, թե ոչ։
Economist-ը նախկինում հաղորդել էր, որ ֆլամինգոներն արդեն օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից։ Պարբերականը չի նշել տեղեկատվության աղբյուրը։
Զելենսկին այսօր նաև հայտարարել է Ուկրաինայում արտադրված զենքի արտահանման ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ առաջնագծում ներկայումս գտնվող զենքի 40%-ը կամ արտադրվում է Ուկրաինայում, կամ էլ Ուկրաինայի մասնակցությամբ: