Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան համագործակցության նոր հեռանկարները. ԿԳՄՍ նախարարն ընդունել է դեսպան Կոպիրկինին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում է նախարարությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա համատեղ ծրագրերի և հետագա համագործակցության հեռանկարները:

Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում կայացած համերգին՝ բարձր գնահատելով միջոցառման անցկացումը՝ որպես մշակութային բացառիկ իրադարձություն: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են տարեվերջին նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» խորագրով միջոցառման ծրագրին՝ կարևորելով տարբեր ոլորտներում մշակութային կապերի ամրապնդումը: Նախարարն իրազեկել է, որ այժմ նպատակաուղղված աշխատանքներ են իրականացվում մարզերում թանգարանային կյանքն ակտիվացնելու և, այդպիսով, այցելուների թիվն ավելացնելու ուղղությամբ:

Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների միջև համաժողովների կազմակերպմանը՝ կարևորելով երիտասարդների շփման դաշտի ակտիվացումը:

Կողմերը քննարկել են գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները՝ նախանշելով ուսանողների, ասպիրանտների հետ գիտնականների հանդիպման հնարավորությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներակայցնող այլ հարցեր:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031