Ֆրանսիական բազմաթիվ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում խնայողության միջոցառումների և կառավարության առաջարկած բյուջետային նախագծի դեմ, հինգշաբթի օրը հաղորդել են տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունները հոկտեմբերի 2-ին նոր բողոքի ցույցեր էին հայտարարել՝ ուղղված իշխանությունների կողմից առաջարկվող խիստ խնայողության միջոցառումների դեմ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Բրունո Ռետայոն հայտարարել է, որ բողոքի ցույցերի օրը 76 հազար իրավապահ կներգրավվի ողջ երկրում, իսկ 5 հազարը՝ Փարիզում և մայրաքաղաքային տարածաշրջանում։
«Figaro» թերթը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները խաթարում են երկրի հարավում գտնվող հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ լուրջ խափանումներ են ակնկալվում տարածաշրջանային երկաթուղային ցանցերի աշխատանքում և փոփոխություններ միջքաղաքային մի շարք գնացքների չվացուցակներում։ Թերթը գրում է, որ Փարիզում և մայրաքաղաքային տարածաշրջանում փակվել են մետրոյի մի շարք կայարաններ և նկատվում են ընդհատումներ քաղաքային էլեկտրագնացքների (RER) երկու գծերի աշխատանքում։ Բացի այդ, խաթարվել է տրամվայի գծերից մեկի աշխատանքը, ինչպես նաև արգելափակվել է ավտոբուսային պարկերից մեկը։
Բացի այդ, բողոքի ակցիաների մասնակիցները շրջափակել են երկրի տարբեր հատվածներում գտնվող մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, ասվում է «Figaro»-ի նյութում։ Թերթը գրում է, որ Ֆրանսիայի հյուսիսում նրանք արգելափակել են «Stellantis» ավտոմոբիլային ընկերության և «Michelin» անվադողերի արտադրողի գործարանները։ Երկրի հարավում՝ Թուլուզում, ցուցարարներն շրջափակել են «Thales» ընկերության գործարանի մուտքը, որը զբաղվում է տեխնոլոգիական մշակումներով, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Բացի այդ, հեծանվորդ ցուցարարներին հաջողվել է շրջափակել նաև «Thales»-ի գլխամասային գրասենյակի մուտքը Փարիզի արվարձանում,- հայտնում է «Parisien» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Այսօր առավոտյան 20 ցուցարարներից բաղկացած մի փոքր խումբ փորձել է փակել Լիոնի օղակաձև ճանապարհը, հաղորդում է Parisien-ը: Պարբերականի տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները արագորեն կանխել են փորձը և ձերբակալել երկու ցուցարարի: