9 ամսում ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 10 մլն 276 հազար դոլարին համարժեք գույք, 2 մանկապարտեզ և մարզադաշտ. դատախազ

Հայաստանի Հանրապետության կառավարության հոկտեմբերի 2-ի որոշմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասը:

Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվել է 2025 թվականի օգոստոսի 5-ին` Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվելու արդյունքում:

«Հայցապահանջով խնդրել էինք դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2003 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ», — նշել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, միայն պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել է շուրջ 10 միլիոն 276 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 3 միլիարդ 933 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280 հազար 338 քմ մակերեսով անշարժ գույքի, 2 մանկապարտեզի և 1 մարզադաշտի տարածք, բռնագանձվել է 654 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 249 միլիոն դրամ:

Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ օրս (գործարկման օրվանից սկսած)՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031