Մի քիչ բարդ օրենք է, բայց վստահաբար շատ կարևոր է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, «Կիբերանվտանգության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հատկապես ժամանակակից աշխարհում, լրահոսում ծանոթանում եք պարբերաբար լուրերի, այսինչ հաքերական հարձակումը այսինչ գերատեսչության, այսինչ համակարգի վրա, հատկապես խառնակ մեր տարածաշրջանում, որտեղ հակառակ իշխանության բոլոր քարոզներին, թե խաղաղության աղավնին եկել, չոքել է մեր գլխին, բայց երկու կողմից էլ շարունակում են թշնամական կեցվածքները, գրոհները, հարձակումները, խոսքերը, սպառնալիքները։
Այստեղ շատ խոսվեց պետական հանրային կառույցների տվյալների պաշտպանության մասին, որը ինքնին շատ կարևոր է։ Այո, պետական կառույցների տվյալները խիստ պաշտպանված պետք է լինեն, հարգելի պատգամավորներ, դուք ամեն օր քայլում եք այս միջանցքներում ամեն վայրկյան տեսախցիկներ են, ես անկեղծ չգիտեմ այդ տեսախցիկները միայն նկարում են, թե նաև ձայնագրում են։
ԱԺ-ում սերվերը ամենապաշտպանված բանն է, չէ՞, բայց մի պատմություն ձեզ պատմեմ, որ դուք իմանաք ձեր գլխի, մեր գլխի գալիքը։ Հանգուցյալ Մհեր Սահակյանի միջադեպը հիշում եք։ Մհեր Սահակյանի հետ կապված միջադեպից երեք ժամ հետո Հայաստանի ամենապաշտպանված սերվերներից մեկից՝ ԱԺ սերվերից հաքերական հարձակում կասեք, թե գողություն, բայց այդ տեսանյութը հայտնվում է մի հատ կայքում։ Դա նշանակում է, որ «պրախադնոյի դվոր» է էդ սերվերը, նշանակում է ցանկացած մեկը կարա մտնի սերվերը»,–ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը մեկ այլ օրինակ բերեց. «Բոլորդ էլ ճամփորդում եք, պատգամավորական սրահով եք գնում, վիպով կամ սովորական անցակետով, որի տեսանյութերը պաշտպանված են։ Մեկ էլ որոշում են, որ պայմանական Գեղամ Մանուկյանի մասին պետք է ասեն այսօր Գեղամը թռել է Մոսկվա, ու այդ ֆոտոները հայտնվում են էլի նույն կայքում։
Կյանքս գնաց, ԱԱԾ, ՊՊԾ, Քաղավիացիայի վարչություն, Ազգային ժողովի աշխատակազմ, մնաց բախտ բացողին դիմեմ, ասեմ՝ լավ, ո՞նց են այդ տեսանյութերը հայտնվում։ Քարը լռություն է։
Այդ բոլորը հայտնվում է Media News կայքում, որը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանինն է։
Այստեղ կա մի բան, քաղաքական որոշմամբ, ինչպես կարող է տվյալը հայտնվել X տեղում և քաղաքական որոշմամբ, ինչպես կարող է յոթը կողպեքի տակ այդ տվյալները պաշտպանվել»,– ընդգծեց նա։