ՀԷՑ-ի «թաքցված» կորուստների դիմաց տևականորեն վճարել են քաղաքացիները, պետական-համայնքային բյուջեները. Պետրոսյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ ՀԷՑ-ի 2025 թվականի էլեկտրաէներգիայի կորուստների թույլատրելի սահմանաչափը 7% է. դա ՀԷՑ-ին մատակարարված (բաշխիչ ցանց մուտք եղած) և ՀԷՑ-ի կողմից սպառողներին բաշխված էլեկտրաէներգիայի ծավալների տոկոսային տարբերությունն է։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ շարունակելով.

«Ըստ ՀԷՑ-ի պաշտոնական տվյալների, որոնք նախորդիվ ներկայացվել են նաև ՀԾԿՀ-ին, ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին բաշխիչ ցանցում էլեկտրաէներգիայի փաստացի կորուստը կազմել է միջինը 6,4%, որոշ Ցանցերում՝ կորուստները ներկայացվել են նույնիսկ մինչև իսկ՝ 3,5-3,8%։

Ընդ որում, այս ցուցանիշներով մեր երկիրը համաշխարհային էներգետիկական համակարգերի համապատասխան ռեյտինգներում զբաղեցնում է թոփ-50 միջակայքը՝ հարևանությամբ այնպիսի զարգացած էներգահամակարգ ունեցող առաջավոր երկրների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան և այլն։ Բնականաբար, այս հաշվետվություններին և սույն վիճակագրությանն առաջին անգամ ծանոթանալիս ինձ համար խիստ կասկածելի և ոչ արժանահավատ թվացին դրանք՝ հաշվի առնելով մեր երկրում առկա էներգաբաշխիչ ցանցի վատթար վիճակը, և մասնավորապես, ՀԷՑ-ի ենթակառուցվածքների ծայրահեղ մաշված և ֆիզիկապես ու բարոյապես հնացած համակարգերը։

Եւ արդեն սկսած հուլիսի կեսերից՝ ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի մեկնարկից, հուլիս և օգոստոս ամիսների համար ՀԷՑ-ի մի շարք Ցանցերի էներգաիրացման հաշվետվություններում, որտեղ մասնավորապես, փոխվել են Ցանցերի և Տեղամասերի պետեր, նկատելի դարձան սպառած էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների ցուցանիշների էական աճի միտումներ՝ ընդհուպ մինչև երկնիշ թվերի հասնող…

Ակնհայտ է դառնում, որ մինչև ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը և Ժամանակավոր կառավարչի նշանակումը, ՀԷՑ-ի կողմից ՀԾԿՀ ներկայացվող և պաշտոնապես հրապարակվող՝ էլեկտրաէներգիայի կորուստների մասին տեղեկատվությունն այդքան էլ ճշգրիտ չի արտացոլել ՀԷՑ-ում առկա իրական պատկերը. ստացվում է՝ այդ տվյալներն առերևույթ կանխամտածված խեղաթյուրվել և իրենց ձևով «մատուցվել» են հանրությանն ու պատկան մարմիններին։

Ինքնին ՀԷՑ-ն իհարկե, խոշոր հաշվով, դրանից վնասներ չի կրել, քանի որ իրական կորուստների (ըստ իս՝ առնվազն երկնիշ թիվ) և ներկայացված հաշվետվություններում «նկարված» ցուցանիշների տարբերությունը, ամենայն հավանականությամբ, հավելագրվել է մեր քաղաքացիների կողմից սպառված ծավալներին, պետական և համայնքային հիմնարկների (բյուջետային) հաշվիչներին, տարբեր տրամաչափի ձեռնարկությունների, բիզնես-միավորների ծախսումներին և այլն։

Այդպիսով՝ «թաքցված» կորուստների դիմաց տևականորեն վճարել են ՀՀ քաղաքացիները, ՀՀ պետական և համայնքային բյուջեները, տարբեր մասշտաբի տնտեսվարողներ և այլն…

Ասվածի վերաբերյալ բազմաթիվ փաստեր և գործուն ապացույցներ արդեն իսկ ունենք ձեռքի տակ, ինչպես նաև մի շարք հաղորդումներ են տրվել իրավապահներին, մի քանի քրեական վարույթներ են նախաձեռնվել քննչական մարմիններում, սակայն վախենամ, նշված երևույթը կրել է մասսայական և համակարգային բնույթ ՀԷՑ-ի բազմաթիվ մասնաճյուղերում ու տասնյակ Ցանցերում։

Այս պահին ՀԷՑ-ում ընթանում են համալիր ստուգումներ մի քանի ուղղություններով, ինչի արդյունքում վեր հանված առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստերը պատշաճ կերպով կփոխանցվեն թե՛ իրավապահ մարմիններին, և թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այդ թվում՝ վերլուծելու դրանք հարուցված վարույթի շրջանակներում։

Հորդորս է՝ պետական հիմնարկների և ՏԻՄ հաստատությունների ղեկավարներին՝ մեկ անգամ եւս ստուգել իրենց կողմից շահագործվող էներգահամակարգերի սպառման ծավալները, համադրել դրանք առկա հզորությունների ենթադրելի ծավալների հետ, գիշերային սպառման (եթե կա առանձին հաշվառում) ծավալները համադրել իրական գործունեությամբ պայմանավորված սպառումների ծավալների հետ, հաշվիչների՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ցուցմունքները համեմատել նախորդ ամիսների և անցյալ տարվա՝ նույն ամիսների արձանագրումների հետ, և հավելագրման ակնհայտ փաստեր կամ ողջամիտ կասկածներ ունենալու դեպքում՝ կապ հաստատել ՀԷՑ-ի պաշտոնական հեռախոսահամարով կամ էլ.փոստով։

Բոլոր այդ տվյալները վերլուծության կենթարկվեն ՀԷՑ-ում՝ հատուկ այդ նպատակով ձևավորված աշխատանքային խմբի կողմից, հավելագրումների հնարավոր փաստերը հաստատվելու պարագայում՝ դրանց ընթացքը կլուծվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031