«Վերջապես եկավ». «Երկրային դրախտի քարտեզ»-ն արդեն Սուրբ Էջմիածնում է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սիրահոժար բարերարությամբ մեծազնիվ Ռոզա Հովհաննիսյանի (Հայաստան) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները “Galeria Frame” վաճառասրահից (Մադրիդ, Իսպանիա) ձեռք են բերել բացառիկ հնատիպ քարտեզ՝ «Երկրային դրախտի քարտեզ» խորագրով:

Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունից հայտնում են, որ քարտեզը (հեղինակ՝ Հայր Անտուան Օգյուստան Կալմե, փորագրանկարիչ՝ Պիտեր Ստարկման) տպագրվել է 1729 թ., որպես ներդիր մաս է կազմել “DICTIONARIUM HISTORICUM, CRITICUM, CHRONOLOGICUM, GEOGRAPHICUM, ET LITERALE SACRAE SCRIPTURAE, Cum figuris Antiquitates Judaicas repraesentatibus” երկհատոր աշխատության:

Քարտեզը, նորոգությունից հետո, կներառվի թանգարանային մշտական ցուցադրության մեջ:

Այս առնչությամբ, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը Facebook–ի իր էջում գրել է. «Երկա՜ր փնտրված այս քարտեզը, վերջապես, եկավ:

Տակավին դարեր առաջ թե՛ աստվածաբանական, թե՛ գիտական միտքն օտարազգի եկեղեցականաց և գիտնականների հաստատում էին, որ աստվածատունկ դրախտը՝ Եդեմը, Արևելքում է՝ Հայոց աշխարհում է, որտեղից բխում ու սկիզբ են առնում չորս գետը:

Հայաստան՝ Երկիր դրախտավայր. այս է կոչումն ու առաքելությունը մեր Սրբազան երկրի և աստվածընտրյալ Ազգի»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930