Վրաստանի Զուգդիդիի շրջանային դատարանը երկու քաղաքացիների՝ Բեժան Չկադուային և Ռևազ Պակելիանիին, 18 տարվա ազատազրկման է դատապարտել՝ 2025 թվականի հունվարին ռուս զբոսաշրջիկների վրա հարձակման և նրանցից մեկի սպանության գործով։ Այս մասին հաղորդում է Newsgeorgia-ն՝ հղում անելով Վրաստանի դատախազությանը։
Ըստ քննության վարկածի՝ հունվարի 5-ին մեղադրյալները հարձակվել են ռուսաստանցիներ Վիկտոր Սոլովյովի և Ալինա Գաբաևայի վրա, ովքեր Զուգդիդի քաղաքից գնում էին Մեստիա գյուղ։ Հարձակվողներից մեկը «դանակով Սոլովյովին չեզոքացրել է», իսկ մյուսը նրա վրա կրակել է ատրճանակով։ Տղամարդը մահացել է տեղում։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ մեղադրյալներից մեկը, հանցագործությունը թաքցնելու համար, մարմինը գցել է գետը։
Դրանից հետո հարձակվողները առևանգել են Գաբաևային, տեղափոխել նրան անմարդաբնակ վայր և թողել այնտեղ։ Ավելի ուշ, ինչպես գրում է Newsgeorgia-ն, կնոջն օգնություն են ցուցաբերել անցորդները։
Հարձակվողները ձերբակալվել են հաջորդ օրը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներում սպանության, ավազակության և մի խումբ անձանց կողմից ապօրինի ազատազրկման, ինչպես նաև հրազենի ապօրինի ձեռքբերման և պահման համար։