Իսրայելի վրա գործադրված ճնշումը չի փոխի նրա քաղաքականությունը, այն միայն խաթարում է Գազայի հատվածում հրադադարի հասնելու և պատանդներին ազատ արձակելու հնարավորությունները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Դիվանագիտական ճնշումը չի փոխի մեր քաղաքականությունը։ Ոչ մի արտաքին ուժ չի ստիպի Իսրայելին զոհաբերել իր անվտանգությունը։ Մենք միշտ բաց ենք կառուցողական երկխոսության համար, սակայն մեզ վրա ճնշումը չի աշխատի», — հայտարարել է Սաարը։ «[Իսրայելի վրա] ճնշումը ուղղակիորեն խաթարում է [Գազայում] հրադադարի և պատանդների ազատ արձակման շանսերը, այն միայն դրդում է ռազմական սրացման՝ խստացնելով [ՀԱՄԱՍ շարժման] դիրքորոշումը [բանակցություններում]», — հավելել է նա։
Սաարը պարզաբանել է, որ «Իսրայելի վրա միջազգային ճնշումը՝ հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների կարևորագույն օրերին, արդեն թույլ է տվել ՀԱՄԱՍ շարժմանը խստացնել իր [բանակցային] դիրքորոշումները»։ «Մենք թույլ չենք տա, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական պետությունը ձևավորվի մեր բնակավայրերից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա», — շարունակել է ԱԳՆ ղեկավարը՝ նշելով, որ հրեական պետությունը «չի զոհաբերի իր գոյությունը՝ հանուն այն երկրների, որոնք հաշտարար քաղաքականություն են վարում»։ «Մենք չենք հրաժարվի մեր հիմնական շահերից՝ հանուն մի շարք [եվրոպական] երկրներում ներքին քաղաքականության», — հավելել է նա։
Նախարարը կարծում է, որ Գազայի հատվածում Համասի վրա ռազմական ճնշումը «ապացուցել է իր արդյունավետությունը», սակայն, ըստ նրա, դա «միակ ուղին չէ» և հրեական պետությունը նույնպես պատրաստ է օգտագործել դիվանագիտությունը։